Լրահոս
Օրվա լրահոսը

Տպագիր գրքերն ավելի շատ ընթերցող ունեն

Հունիս 19,2013 23:10

Հրատարակիչների ազգային ասոցիացիան եւ «Գրքի հարթակ» ծրագրի աշխատակիցները այսօր՝ հունիսի 19-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացրեցին «Ընթերցանության ոլորտի ուսումնասիրության» հանրային քննարկումը: Ընթերցանության ոլորտի ուսոումնասիրությունները, ինչպես ասաց ՀԱԱ գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանը, մեր երկրում անցկացվում են առաջին անգամ:

«Եղել են հատուկենտ ուսումնասիրություններ, բայց այս կարգի թարգմանական ոլորտի ուսումնասիրություն, որի կազմում թարգմանվել եւ հրատարակվել են 220-225 գիրք, դեռեւս չի եղել: Ծրագրի շրջանակներում երկրորդ ուսումնասիրությունն արվել է ընթերցանության ոլորտում, որն անցկացվել է մրցութային կարգով եւ հաղթող է ճանաչվել «Սենսեյ մարքեթինգի ակադեմիա» ընկերությունը, որն էլ անցակցրել է սոցհարցումը»,- ասաց Վահան Խաչատրյանը:

Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում զարգացնել ընթերցանությունը, թարգմանչական եւ հրատարակչական գործունեությունը, գրքի շուկայում եւ արդարության փոխպայմանավորվածությունն ապահովելու ուղիներ մշակել:

Ինչպես «Սենսեյ մարքեթինգի ակադեմիա» ընկերության ներկայացուցիչ Լիլիթ Ավդալյանն ասաց, սոցիալական հարցումներն անցկացվել են մայրաքաղաքում, բոլոր մարզկենտրոններում եւ յուրաքանչյուր մարզի երկուական գյուղում: Հարցումներին մասնակցել է 1067 մարդ:

«Հարցվածների շուրջ ութսուն տոկոսը նշել է, որ քիչ է կարդում: Նրանց մեջ են մտնում արհեստ մասնագիտություն ունեցողները, մասնագիտություն չունեցողները, ամուսնացածները, ովքեր հիմնական խոչընդոտ նշել են ժամանակի պակասը»,- ասաց նա: Իսկ ավելի շատ ընթերցողները սկսել են կարդալ անհրաժեշտությունից դրդված. ուսանողներ, աշխատողներ՝  ոլորտում ավելի մասնագիտանալու համար եւ չամուսնացածները:

Հարցումը վերաբերվել է ոչ միայն գրքին, այլեւ հոդվածներին, թերթերին, ամսագրերին:

Ինչպես բանախոսը նշեց, տպագիր գրքերն ավելի շատ ընթերցող ունեն, քան էլեկտրոնային տարբերակը:

Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Դավիթ Մուրադյանն էլ նշեց, որ այսօր աստիճանաբար գիրքն իր նախկին հեղինակությունը վերականգնում է: «Սլաքն աստիճանաբար, թեկուզ դանդաղ քայլերով, գալիս է դեպի գրականություն: Սա զուտ անձնական դիտարկման արդյունք է»,- ասաց նա: Ինչպես նշեց նա, համակարգիչն էլ է նպաստել ընթերցանության աճի, որը բավականին հարստացել է հայ գրականությամբ: Ըստ նրա դրան նպաստել է նաեւ այն, որ Երեւանը հռչակվել էր գրքի մայրաքաղաք:

Ներկայացված տվյալներից հետո ոմանք կասկածեցին նշված արդյունքներին, քանի որ ըստ նրանց սոցհարցումների մասնակիցները ոչ միշտ է, որ անկեղծ են լինում:

«Մեր տներում գիրքը մեզնից բարձր էր, մենք պետք է աթոռակին կանգնեինք, որ կարողանայինք վերցնել: Իսկ իննսունական թվականներին երեխաները ծնողների հետ փողոցով քայլելիս գիրքը ասֆալտին էին տեսնում, իրենցից ցածր»,- ասաց արձակագիրը:

 

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930