Մասաչուսեթս նահանգի երեք բարձր պաշտոնյաներ այցելել են հայկական վերականգնողական կենտրոն, որպեսզի իրենց համերաշխությունը հայտնեն Հայոց ցեղասպանությունը վերապրած հինգ բնակիչներին: Հայտնում է «Բոստոն» պարբերականը:
Հանդիպումը կազմակերպվել էր անցած շաբաթ, քանի որ Բոստոնի մարաթոնի պայթյունի պատճառով, Մասաչուսեթսի ղեկավարության կողմից ամեն տարի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը նշելու արարողությունները հետաձգվել էին, այն պետք է տեղի ունենար ապրիլի 19-ին, ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Հունիսի 10-ին սենատոր Վիլյամ Բրոունսբերգերը, նահանգի ներկայացուցիչներ Ջոնաթան Հեչթը եւ Դեյվ Ռոջերսը Հայոց ցեղասպանությունը վերապրածների՝ Նաոմի Արմենին, Ագնես Ազնավուրյանին, Արմինե Բագդիկյանին, Ազատուհի Տոնապետյանին եւ Վազգեն Հովհաննեսյանին ներկայացրել են իրենց հայտարարությունները:
«Հայկական վերականգնողական կենտրոնը յուրահատուկ վայր է», – ասել է Բրոունսբերգերը, – «Այսպիսի տարեց հրաշալի մարդկանց հանդիպելը եւ նրանց պատմությանը ծանոթանալը ինձ համար առավելություն է»:
Կարդացեք նաև
«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել եւ ծանոթանալ այս հինգ մարդկանց հետ», – ասել է Հեչթը, – «Նրանք աննկարագրելի ցավ են ապրել Հայոց ցեղասպանության ընթացքում եւ դրանից հետո: Բայց իրենց քաջությամբ նրանք մեծապես նպաստել են Մասաչուսեթսի զարգացմանը, այդ թվում՝ սերունդներին Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն իրազեկելով»:
«Այն փորձառություն, որ ունեցա այստեղ, որպես պաշտոնյա դրան հավասարը երբեք չեմ ունեցել», – ասել է Ռոջերսը, – «Ողբերգության առջեւ նրանց համառությունը մարդկային ոգու եւ արժանապատվության վկայությունն է»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ