2012թ. դեկտեմբերի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետ Հրանուշ Ներկարարյանի նկատմամբ վճիռ կայացնելով՝ նրան առաջադրված մեղադրանքի հոդվածներից մեկը վերաորակավորել է, երկու հոդվածներով կիրառել է ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի համաներման մասին որոշումը եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել: Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Հ. Ներկարարյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման եւ համաներման մասին նույն որոշումը կիրառելով՝ պատժաչափի չկրած մասը նվազեցրել քառորդ մասով:
Դատարանը բավարարել է 3 տուժողների կողմից ներկայացված, նրանց պատճառված վնասը վերականգնելու պահանջը, մյուսներին իրավունք է վերապահել վնասի վերականգնման համար քաղաքացիական հայցով դիմել դատարան: Գործով տուժողները 16 հոգի են: Դատարանն ապացուցված է համարել, որ Ներկարարյանը խարդախությամբ՝ կենսաթոշակառուների թոշակների վճարման տեղեկագրերում նրանց փոխարեն կեղծ ստորագրություններ դնելով, յուրացրել է 10 միլիոն 732 հազար դրամ զինվորական թոշակներ: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Հ. Ներկարարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողել է անփոփոխ:
Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից, Հ. Ներկարարյանն այդ վճիռը բողոքարկել է: 2013թ. մարտի 11-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է Հ. Ներկարարյանի վերաքննիչ բողոքը մերժել: Վերջինս դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան: Մայիսի 21-ին վճռաբեկ դատարանը որոշել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013թ. մարտի 11-ի որոշման դեմ Հ. Ներկարարյանի վճռաբեկ բողոքը վերադարձնել: Վերջինիս նկատմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ Հ. Ներկարարյանը կալանավորվել է եւ այժմ իր պատիժն է կրում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ