Հայաստանի Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վարչապետի հանձնարարությամբ Արմավիրի մարզում, «Արմեն Բունիաթյան» ձկնարդյունաբերող ընկերության տարածքում, հանդիպել է «Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության անդամներին: Նախարարը շրջայց է կատարել ձկների բազմացման լողավազաններում, ծանոթացել ներդրված աերատորային համակարգին:
Նախարար Հարությունյանն այնուհետև խորհրդակցություն է անցկացրել վարչության անդամների հետ: Վերջիններս դժգոհություն են հայտնել փակ կամ կիսափակ շրջանառու համակարգով ձկնաբուծական ֆերմաները շահագործելու կարգի վերաբերյալ, քանի որ ձկների բազմացումը զգալիորեն կրճատվում է:
Արամ Հարությունյանը խոսելով այս ոլորտում հիմնախնդիրների լուծման մասին` նշել է, որ նախևառաջ առաջիկա 10-15 տարիների համար պետք է մշակել ռազմավարություն-հայեցակարգ, որտեղ պետք է տեղ գտնի հստակ գաղափարախոսություն: Մասնավորապես պետք է կոնսերվացնել բոլոր տիրազուրկ ջրային հորերը, խուսափել նոր թույլտվություններ տրամադրելուց և միջոցառումների շարք կիրառել ձկնարդյունաբերության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
«Մենք պետք է խիստ միջոցառումներ իրականացնենք այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր փորձում են գործել անօրինականության դաշտում: Այդ գործում պետք է նաև մեծ լինի ձեր վարչության անդամների գործունեությունը, որպեսզի չօժանդակեք ձեր գործընկերներին` գործելու ապօրինության դաշտում»,- նշել է Արամ Հարությունյանը:
Նախարարի առաջարկով մոտ ապագայում կձևավորվի նախարարին կից ձկնաբույծների խորհրդատվական խորհուրդ, որում ներգրավված կլինեն թե վարչության անդամները և թե ոլորտին առնչվող մասնագետները:
Բնապահպանության նախարարություն