Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային հաստատությունների ջեռուցման ապահովման ու վերանորոգման՝ Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները:
Ծրագրի ընթացիկ աշխատանքների հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ աշխատանքների բաժնի պետ էդվարդ Շաքարյանը տեղեկացրել է, որ այս տարվա ծրագրով 28 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:
Մայրաքաղաքի 16 գրադարան ապահովվում է ջեռուցման համակարգերով: Աշխատանքների ավարտից հետո գրադարանների ջեռուցման ծրագիրը կամբողջանա, և ձմռանն ընդառաջ չջեռուցվող գրադարան մայրաքաղաքում այլևս չի լինելու:
Եվս 4 ստեղծագործական կենտրոն ու երաժշտական դպրոց է 2013-ի ծրագրով ջեռուցվելու: Հիմնանորոգվում և ջեռուցմամբ են ապահովվում նաև Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի ու «ՀայԱրտ» մշակութային կենտրոնները: Մշակութային օջախների ջեռուցման ծրագրի շրջանակում ամբողջությամբ ջեռուցվելու են նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ու Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն