Ավարտվեց «Լավագույն մարզական ընտանիք 2013» մրցույթի առաջին փուլը, որին, անցած ինը տարիների հետ համեմատած, մասնակցեցին ռեկորդային թվով ընտանիքներ:
Ամփոփելով առաջին փուլի արդյունքները` սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, մրցույթի կազմակերպիչ եւ պատասխանատու Խաչիկ Ասրյանն Aravot.am-ին ասաց, որ չորս տարիքային խմբերում ՀՀ 45 քաղաքներում, Երեւանի` 12 եւ ԼՂՀ` 7 վարչական շրջաններում ընդհանուր առմամբ մասնակցել է 2041 ընտանիք (հայր, մայր, երեխա` անկախ սեռից): «Համեմատության համար նշենք, որ ընտանիքների թիվը 2011-ին եղել է 1122, իսկ անցած տարի` 1475:
Առաջին փուլում մրցումներն անցկացվել են քաղաքային մարզադաշտերում, որտեղ պայքարի մեջ մտել են նաեւ հարակից գյուղերի մարզական ընտանիքները: Այսպիսի մասսայականությամբ մրցումները կազմակերպել-անցկացնելու գործում ներգրավվել են ինչպես մեր նախարարության մասսայական սպորտի եւ ֆիզդաստիարակության վարչության աշխատակիցները, այնպես էլ բոլոր համայնքների եւ վարչական շրջանների սպորտի բաժինների պատասխանատուները, տեղերի մրցավարական կազմերը, – ընդգծեց Խաչիկ Ասրյանը: – Միայն առաջին փուլում պարգեւատրման ֆոնդը կազմել է 73 մլն 440 հազար դրամ, որը բաշխվել է չորս տարիքային խմբերում 1-3-րդ տեղեր գրաված, ինչպես նաեւ վեց մրցաձեւերում հաղթած ընտանիքների միջեւ»:
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի երկրորդ փուլը, որը Երեւանում, ՀՀ 10 մարզկենտրոններում եւ Ստեփանակերտ քաղաքում մեկնարկել է արդեն երեկ, շարունակվելու է մինչեւ հուլիսի 5-ը: 768 ընտանիքներ պայքարելու են 144 ուժեղագույններին որոշելու համար, որոնք Ծաղկաձորում կայանալիք եզրափակչում ի հայտ են բերելու հաղթողներին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ