Դեմկուսի նախագահը կարծում է, որ իշխանության առաջին դեմքերը պետք է փոխեն իրենց մտածելակերպը:
Երեկ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կանխատեսեց, որ եթե մինչեւ 2015 թվականի աշունը վերեւներից հեղափոխություն չարվի, ապա դա արդեն կարվի ներքեւից: Այս կապակցությամբ այսօր «Առավոտը» Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է իրատեսական համարում այս կանխատեսումը:
Պարոն Սարգսյանը պատասխանեց. «Ես այսպես եմ պատկերացնում, որ եթե վարչապետը հայտարարում է, որ հեղափոխությունը պետք է մեր մտածելակերպի մեջ լինի, ապա դա կարելի է լուրջ դիտարկել եւ քննարկվել, եթե գործ ունենայինք այն մարդկանց հետ, ովքեր ունակ են մտածելակերպ փոխելու: Հիմա այն վիճակն է, որ պետության ներսում ոչ թե նրանց մտածելակերպը փոխվի, ովքեր տարիներ շարունակ թալանել են, այլ՝ իշխանության վերնախավի մոտ, եթե նրանք կարողանան: Առաջին հերթին՝ առաջին դեմքերը պետք է այդ մտածելակերպը փոխեն, եթե ուզում են: Որովհետեւ այս համակարգը որ կա, այս համակարգով երկրի զարգացման ճանապարհ ես չեմ տեսնում: Իհարկե, եթե այսպես շարունակվի, երբ օր-օրի բնակչությունը պակասում է, ժողովուրդը դառնում է քոչվոր, այդ դեպքում, իհարկե, ուրիշ քայլի պետք է դիմենք, անսովոր քայլի: Իհարկե, հեղափոխությունը միշտ բերում է ինչ-որ այլ արդյունքի, բայց էլի ինչ-որ քայլեր, ինչ-որ գործողություններ, որոնք պետք է փոխեն, փրկեն իրավիճակը: Թե ինչպես եւ երբ դա կարվի՝ ես այս պահին չեմ ուզում գնահատել»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև