«Հանրապետության նախագահը պետք է ամիսը մեկ հանդես գա հեռուստատեսությամբ իր ժողովրդի առջեւ, զրույց անի ժողովրդի հետ, բացատրի, որ՝ այսպիսի երեւույթ կա, բայց ես այսպիսի քայլեր եմ ձեռնարկել, մի գնացեք, որովհետեւ ես անում եմ եւ անելու եմ այսինչ-այսինչը եւ դուք կտեսնեք արդյունքը այսքան ժամանակ հետո»,-այսօր «Հայելի» ակումբում առաջարկեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ արտագաղթի, սոցիալական անարդարության, կոռուպցիայի, մենաշնորհների եւ այլ խնդիրների միջեւ թաղված երկրի նախագահին: Ի պատասխան՝ այդ նախագահի կուսակից ընկեր, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց. «Նախագահը արդեն հանդես է եկել ծրագրով, էդ ամեն ինչը կա, շատ լավ ասված է, ասել է, թե ինչեր են արվելու, ինչ խնդիրներ են լուծվելու…»:
Արամ Սարգսյանը համաձայն չէ. «Ուրեմն պետք է գա, հասնի նրան, որ ամբողջ հասարակությունը կանգնի ասի, որ Փակ շուկայի հետ չի կարելի այդպես վարվել, ոչ ինչ-որ մի մարդու կամայականությունը կանխվի՞: Չէ, պետք է շատ արագ արձագանքեն, որ ժողովրդի վերաբերմունքը փոխվի: Որերորդ անգամն է արդեն, որ Վերահսկիչ պալատը աղաղակող փաստերը բերում ներկայացնում է, հետո որոշ ժամանակ անց դա ջրվում գնում է առանց հետեւանքի: Եթե բացահայտվել է, որ նման չարաշահումներ կան, ո՞վ է մեղավոր՝ նախարարը, չէ՞: Բայց էդ ո՞ր մի նախարարն է պատասխան տվել: Լավագույն դեպքում մի սլաքավարի գտնում են, ասում են՝ սա էր արել, մենք գումարները հետ բերեցինք բյուջե: Բայց նման բան չկա ոչ մի տեղ, գողին պետք է դատել, ոչ թե գողոնը վերցնել, ասել՝ դե, հետ բերեցինք, էլ ի՞նչ: Դրա համար էլ անպատժելիության մթնոլորտ է: Տարիներ շարունակ խոսում են ստվարային, մենաշնորհային, օլիգարխիկ համակարգից: Մեկ դեպք կա՞, որ մեկն ու մեկը մենաշնորհից զրկվի: Մի մարդ կա, որ հացահատիկը բերում է, շաքարավազը բերում է, ամեն ինչ բերում է՝ ի՞նչ է, էդ մարդն էս երկրիս ամենագիտուն եւ ամենակարող մա՞րդն է»:
Պարոն Սարգսյանի այս ակնարկներին ի պատասխան այդ մարդու՝ Սուքիաս Ավետիսյանը փորձեց համոզել, որ իշխանությունը հասկանում է, որ մենաշնորհը խանգարում է տնտեսական զարգացմանը եւ իրենք պայքարում են դրա դեմ՝ «Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը պայքարում է մենաշնորհի դեմ»: «Ո՞ւր է, ո՞ւր է էդ պայքարը»,-զարմացավ Սարգսյանը, իսկ Ավետիսյանը շարունակեց համոզել, որ իշխանությունը գործ է անում. «Կարծում եմ, որ եւ դուք եւ հանրությունը պետք է ուրախ լինի, որ իշխանությունը փորձում է բացահայտել կնճռոտ խնդիրները: Կարեւոր է, որ առաջին անգամ իր պատմության մեջ Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ուղեկցվեց կառավարության ելույթներով, հարակից զեկույցներով եւ արդյունքում շատ պարզաբանումներ եղավ: Կառավարությունը եւ ՎՊ-ն նույն խնդրին տարբեր մոտեցումներ ցուցաբերեցին, այդ իսկ պատճառով սեպտեմբերին կլինի օրենսդրական փոփոխություն, որպեսզի ՎՊ-ի հաշվետվությունը սկզբում քննարկենք հանձնաժողովներում, կառավարությունից պարզաբանումները ստանանք, հետո նոր ներկայացնենք լիագումար նիստին, տեղյակ պահենք հանրությանը: Որովհետեւ ՎՊ-ն մի թիվ է ասում, կառավարությունը՝ այլ թիվ, այլ մեթոդաբանություն է կիրառում, եւ ստացվում է, որ ով առաջինն է ասում՝ նա՞ է ճիշտը»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ