Մալթայի հավաքականին պարտվելն անքան անհավանական էր, որ սկսել են լուրեր պտտվել, իբրեւ Ռուբեն Հայրապետյանը խաղը վաճառել է, կամ ֆուտբոլիստները խաղադրույքներ են դրել (տոտալիզատորներում Մալթայի հաղթանակի գործակիցը 10 էր) ու դիտավորյալ պարտվել:
Իր ասուլիսում ՀՖՖ նախագահն արդեն պատասխանել է հետաքրքրասերներին, հայտարարելով, որ ինքը ոչինչ չի վաճառում, առավել եւս` ֆուտբոլում: Իսկ ֆուտբոլիստների մասին Սուրեն Բաղդասարյանն ասաց. «Նման բան ոչ ոք անել չէր կարող` հաշվի առնելով հենց Ռուբեն Հայրապետյանի անձը: Եթե մի ուրիշ թույլ ղեկավար լիներ, գուցե իրենք էլ անեին: Պատմության մեջ բազմաթիվ այդպիսի օրինակներ կան: Օրինակ, հենց «Փյունիկի» եւ Մակեդոնիայի «Ռաբոտնիչկի» թիմերի խաղը: Նրանց ակումբը, որ Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի որդունն էր, մոտ 2-3 միլիոն եվրո աշխատավարձի պարտք ուներ: Ես իրենց միջի առաջին աղբյուրից եմ իմացել: Թիմի տերը ֆուտբոլիստներին ասել էր, որ եթե ուզում եք ձեր աշխատավարձն ստանալ, հարմար առիթ է, ինքներդ որոշեք` խաղը տալի՞ս եք: Գնացեք խաղադրույքներ արեք: Եթե չեմ սխալվում, այդ խաղում «Փյունիկի» հաղթանակը 8 գործակից էր: Եվ եթե հիշում եք, արդեն 15 րոպե անց հաշիվն արդեն 3:0 էր: Ֆուտբոլում հիմա այդպիսի բազմաթիվ դեպքեր են լինում, թեկուզ հենց Իտալիայում: Բայց նորից եմ ասում` Հայաստանի պարագայում դա բացառվում է` հաշվի առնելով Ռուբեն Հայրապետյանի ներկայությունը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ