Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ի շուրջ համախմբվածները երիտասարդներ են, ովքեր մտահոգված են երկրի վաղվա օրվա խնդիրներով». Հրաչյա Բասմաջյան

Հունիս 19,2013 17:01

 

Երիտասարդների խնդիրների, նրանց առջեւ ծառացած մարտահրավերների մասին զրուցեցինք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների  Միության գլխավոր քարտուղար Հրաչյա Բասմաջյանի հետ: Նրա միջոցով փորձեցինք պարզել՝ ինչպիսի՞ խնդիրներ է տեսնում հայաստանյան ամենահայտնի քաղաքական ուժերից մեկի երիտասարդական թեւը, դրանց լուծման ինչպիսի՞  ճանապարհներ է առաջարկում  եւ ո՞վ է ԲՀԿ կուսակցական  երիտասարդը: 

 

 Նախ Դուք ի՞նչ սահմանում կտաք. ո՞վ  է այսօր երիտասարդը:

Երիտասարդի տեսակը, որպես այդպիսին, հասարակության ամենադինամիկ ներկայացուցիչն է՝ հասարակական, քաղաքական, տնտեսական գրեթե  բոլոր ոլորտներում, չկա մի ոլորտ, որտեղ նա իր մասնակցությունը չունենա՝ այս կամ այն ձեւաչափով: Բայց միեւնույն ժամանակ հայ իրականության մեջ հայ երիտասարդը ունի բազմաթիվ խնդիրներ. չկա այն հոգածությունը, այն ուշադրությունը, որը պետք է այս  սերնդին, որովհետեւ  ոչ հեռու ապագայում ինքն է հենց պատասխանատու լինելու այդ ոլորտներում:

Ինչի՞ հետ են կապված Ձեր նշած խնդիրները. ավագ սերու՞նդը թույլ չի տալիս, թե իրենք իրենց մեջ ուժ չեն գտնում պայքարելու:

Խնդիրները բազմաթիվ են, բայց առաջնայինը սոցիալականն է: Երբ ընտանիքում կա ճգնաժամային իրավիճակ, երբ ծնողն առաջնային մտածում է՝ ի՞նչ կերակրի իր երեխային, իսկ երեխա ասելով՝ հայ ընտանիքներում հասկանում ենք նույնիսկ 19, 20 տարեկան երիտասարդին, արդեն երկրորդական է դառնում նույն երեխայի կրթական մակարդակի մասին մտածելու հարցը, առաջնայինը մնում է հացի խնդիր լուծելու հարցը, դրան զուգահեռ  գալիս է աշխատանք ունենալու խնդիրը: Մի վառ օրինակ նշեմ, տնտեսագետ Հայաստանում պատրաստում է  4-5 համալսարան, բայց արդյոք շուկան ունի՞ դրա պահանջարկը: Բնական է, լավ մասնագետի պահանջարկ միշտ կա, տարեկան, ասենք՝ կա հարյուր լավ տնտեսագետի պահանջարկ  տարբեր ոլորտներում, իսկ պետությունը տարեկան որպես մասնագետ տալիս է երեք, չորս անգամ ավելի. բնականաբար ունենալով հստակ գիտելիքներ՝ ոչ բոլորը կարող են աշխատել իրենց մասնագիտությամբ: Առաջանում է զբաղվածության խնդիր:

Բացի սոցիալական խնդիրներից, որի մասին շատ ենք խոսում, այսօր երիտասարդները այլ խնդիրներ չունե՞ն:  Դուք, որպես քաղաքական ուժի երիտասարդական թեւի անդամ,  նկատած կլինեք՝ այլ կոմպլեքսներ չկա՞ն:

Հարցին պատասխանելու համար երեւի  օրինակ բերեմ.  երիտասարդն ուզում է ընտանիք կազմել, լավ աշխատանք ունենալ, բայց բախվում է սոցիալական խնդիրներին: Եւ երբ նա չունի աշխատանք, լինելով մասնագետ չի կարողանում իր մասնագիտությամբ աշխատանք գտնել, ստիպված սկսում է աշխատել այլ ոլորտներում՝ առաջարկ-պահանջարկ սկզբունքով, սեզոնային աշխատանքով զբաղվել, դա կամաց-կամաց սերմանում է իր մեջ թերարժեքության բարդույթ, երբ դու ստացել ես գիտելիք, մասնագիտություն, տարիներ ու գումար ես ծախսել դրա վրա, բայց արդյունքում չես կարողանում հստակ քեզ համար ապագա ստեղծել:

Ավելացնեմ նաեւ՝ հայ երիտասարդը օրենսդրորեն պաշտպանված չէ:  Չունենք երիտասարդների մասին օրենք, ինչը կա մի շարք այլ երկրներում, որը հստակ կանոնակարգում է երիտասարդական քաղաքականությունը: 2010 թվականից մեր կուսակցությունը ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ ներկայացրեց «Երիտասարդների մասին» օրենքի նախագիծ, որն  այն ժամանակ քննարկվեց, սակայն ինչ-ինչ պատճառներով չընդունվեց, հետ ուղարկվեց լրացման, վերամշակման, բյուրոկրատական քաշքշուքներ եղան, ու հիմա փաստացի մենք չունենք այդ օրենքը:

Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ինչպե՞ս է փորձում լուծել երիտասարդների խնդիրները: Հատկապես ո՞ր խնդիրների վրա է ուշադրություն դարձնում:

Խնդիրները բազում են, մենք մեր  հնարավորությունների եւ իրավասությունների շրջանում փորձում ենք օգնել երիտասարդներին: Մենք փորձում ենք օգնել սոցիալապես ավելի խոցելի երիտասարդների՝ դա լինում է մեր ամենամյա միջոցառումների շրջանակներում, որոնց շարքին է դասվում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից ամենամյա կրթաթոշակների պարգեւատրման արարողությունը, երբ կրթաթոշակներ են տրամադրվում կրթության մեջ առաջխաղացում ցուցաբերող ուսանողների եւ սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար:

Այդ կրթաթոշակները միայն ձեր կուսակցության անդամների՞ն է տրվում:

Իհարկե ոչ, մենք ամեն տարի պաշտոնական գրություն ենք ուղարկում համալսարաններ՝ ներկայացնելով, որ յուրաքանչյուր բուհ իրավունք ունի երկու՝ կրթության մեջ առաջադիմություն ցուցաբերող եւ սոցիալապես անապահով ընտանիքից ուսանող ներկայացնելու կրթաթոշակի համար: Բայց ամեն տարի  պետական բուհերն անտեսում են մեր գրությունները: Պարզվում է՝ պետական բուհերում գերազանցիկ եւ սոցիալապես անապահով ընտանիքներից սովորող ուսանողներ չկան:

Որպես ԲՀԿ երիտասարդների միության գլխավոր քարտուղար՝ ինչիպիսի՞ բնորոշում կտաք ձեր կուսակցության շուրջ համախմբված երիտասարդներին:

Երիտասարդը երիտասարդ է՝ անկախ քաղաքական պատկանելությունից, անկախ սոցիալական խավից եւ այլ, ԲՀԿ-ի շուրջ համախմբվածները  երիտասարդներ են, ովքեր մտահոգված են երկրի վաղվա օրվա խնդիրներով, ովքեր ցանկանում են հասարակական, քաղաքական բոլոր գործընթացների հաղորդակից դառնալ, որպեսզի ավելի լավ պատկերացնեն այն մարտահրավերները, խնդիրները, որոնք արդեն ծառացած են այսօր երկրի առջեւ  եւ կարողանան համարժեք եւ արդի պատասխան տալ: Դրա համար մեր կուսակցությունում ստեղծվել են մի քանի տեսակ խորհուրդներ, որոնք թիրախային աշխատանք են տանում, որպեսզի կրթեն երիտասարդներին, որոնք վաղվա օրվա պատասխանատուն են լինելու:

Ընդունված կարծիք կա, որ երիտասարդները, ընդգրկվելով որեւէ կուսակցության ներսում, իրենց ավելի կաղապարված են զգում, ոչ այդքան լայնախոհ են եւ ամեն ինչին նայում են՝ իրենց եւ կուսակցության շահերից ելնելով: Իսկապե՞ս այդպես է:

Կուսակցության անդամ դառնում են սեփական կամքի համաձայն, որը կուսակցությունների մասին օրենքով է ամրագրված: Կաղապարների մեջ դնել, պարտադրելը մեր կուսակցության ներսում չկան: Կուսակցության նախագահի անմիջական հրամանի, վերահսկողության տակ է, որ կուսակցության ներսում ծանոթ-բարեկամի սկզբունքը չաշխատի, կուսակցականը, երիտասարդը ազատ է իր գործունեության մեջ, մենք երբեք  չենք կաշկանդում այս կամ այն գործունեությամբ զբաղվողին: Անտրամաբանական է նույնիսկ քո կուսակցականին, քո ընկերոջը, ով քո ընտանիքի մի մասն է կազմում, ինչ-որ սահմանափակումների մեջ դնել:

  Իսկ հե՞շտ է երիտասարդներին կառավարելը:

Երիտասարդն իր տեսակով փնտրող է, ինքը իր տեսակով ակտիվ է, «կառավարել» բառն այդքան էլ տեղին չէ: Երիտասարդական գործունեություն ծավալելը  ոչ միայն «վերադաս-ենթակա», այլ ընկերական ձեւաչափով է արվում, որովհետեւ խնդիրները բոլորիս համար են հավասար, բոլորիս համար նույնն են, բայց միևնույն ժամանակ բնականաբար կա աշխատանքային սուբորդինացիա, կա աշխատանքային կուլտուրայի զգացողություն:

Վերջում, եզրափակելով խոսակցությունը՝ կասե՞ք՝  ի՞նչ է պետք երիտասարդին առաջ գնալու համար:

Առաջնայինը պետք է ուշադրություն, վերաբերմունք, որ երիտասարդը զգա միայնակ չէ, ինքը դժվարությունների առջեւ մենակ չէ կանգնած, իր թիկունքում կա ինչ-որ մեկը, ով կօգնի, կուղղորդի, կխրախուսի, սխալ պահին ճիշտ ուղղություն ցույց կտա. ընտանիքում դա կարող է լինել ծնողդ, հասարակության մեջ՝ անմիջական ղեկավարդ, պետության մեջ կարող են լինել պետական համակարգի, հասարակական սեկտորի ներկայացուցիչները, ովքեր, որ իրենց վրա վերցնում են  այդ մեծ ծանրաբեռնվածությունն ու պատասխանատվությունը եւ օգնում երիտասարդներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930