Այսօր օրվա երկրորդ կեսին խորհրդարանը արագացված ռեժիմով սկսեց քննարկել հուլիսի մեկից նվազագույն աշխատավարձը տասը հազար դրամով ավելացնելու մասին կառավարության նախաձեռնությունը: Ընդդիմադիրներն իրենց ելույթներում խիստ քննադատության ենթարկեցին գազի եւ դրան ածանցյալ մնացած բոլոր թանկացումների ֆոնին կառավարության կեցվածքը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն, օրինակ հայտարարեց, որ ՀՅԴ խմբակցության՝ նվազագույն աշխատավարձերի բարձրացման բանաձևը, որը կառավարությունը մոտ վեց ամիս առաջ մերժեց, սպասումների հիման վրա կառուցված բանաձև էր: Իրենց բանաձևի շնորհիվ, ըստ Մինասյանի, ցանկացած ոք կիմանար՝ հաջորդ տարի որքան է լինելու իր սպասվելիք նվազագույն աշխատավարձը: «Մարդը անորոշության մեջ չէր հայտնվի, չէր մտածի՝ կարո՞ղ է հանկարծ կառավարությունը բերի 10 տոկոսով, 20 տոկոսով, 50 տոկոսով բարձրացում կամ ընդհանրապես չբարձրացնի: Սա ամենավատ բանն է, երբ մարդն իր ապագայի մեջ անորոշություն է տեսնում»,- կառավարության ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին ասաց Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ հուլիսի 1-ից 10 հազար դրամով կբարձրացվի միայն մինչև 45 հազար դրամ ստացողների աշխատավարձը: Աշխատավարձերի ընդհանուր բարձրացումներին կառավարությունը խոստանում է անդրադառնալ 2014 թվականի հունվարի 1-ից: Ըստ Մինասյանի, սա տրամադրում է, որ մարդիկ սկսեն վատատեսական սցենարներով շարժվել:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարությունը ՀՅԴ-ի նախագիծը մերժեց՝ պատճառաբանելով, թե դրա արդյունքում կմեծանա ստվերային տնտեսությունը, աշխատողները չեն ձևակերպվի, գործարարները աշխատավարձերի բարձրացում փաստացի չեն իրականացնի: Նա հիշեցրեց, որ իրենց նախագծի հիմքում էր այս տարվա հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձերը 45 հազար դրամ սահմանելը, ինչն, ըստ պատգամավորի, հնարավորություն կտար անցած վեց ամիսների ընթացքում այս սոցիալական լարվածությունը չունենալ կամ մեղմել լարվածությունը:
Կարդացեք նաև
«Ի՞նչ արեց կառավարությունը՝ մերժեց և հիմա բերում է այս նախագիծը և անունը դնում է, թե իբր միջանկյալ լուծում են տալիս: Իրականում, հարգելի կառավարություն, հարգելի գործընկերներ, կառավարությունը ոչ թե միջանկյալ լուծում է տալիս, այլ սրանով իր անգործությունը և անհետևողական քաղաքականությունը ևս մեկ անգամ հաստատում է»,- ասաց նա:
Արծվիկ Մինասյանը նաեւ հարց ուղղեց կառավարությանը՝ վեց ամիս առաջ չգիտեի՞ն, որ բարձրանալու է գազի և էլեկտրաէներգիայի գները, չգիտեի՞ն, որ բնականոն գնաճ է տեղի ունենալու, չգիտեի՞ն, որ աղքատության ցուցանիշը մեծանալու է: Ապա հավելեց. «Եթե գիտեիք, էն ժամանակ անեիք, իսկ եթե չեք արել էն ժամանակ, հիմա բերել եք, տարվա կեսից նվազագույն աշխատավարձի բարձրացում եք իրականացնում, որքան էլ որ դրական է, տնտեսական քաղաքական տեսակետից սա սխալ մոտեցում է: դնել տարվա կեսից խաղի կանոն փոխել, էն էլ անհասկանալի սկզբունքներից ելնելով, պարզապես չեմ կարող բնութագրել, թե ինչ տնտեսական քաղաքականություն է իրականացնում մեր երկիրը»,- ասաց նա:
Ապա վրդովվեց. «Այ մարդ, վերցնեիք, մեր առաջարկը ձեզնով անեիք, անունը դնեիք, որ կառավարության առաջարկն է, բայց իրականացնեիք այդ առաջարկը»: Նիստը նախագահող Հովիկ Աբրահամյանը նստած տեղից ասաց. «Անում են, անում են»:Արծվիկ Մինասյանը`դիմելով Հովիկ Աբրահամյանին`բողոքեց. «Չեն անում, Հովիկ Արգամիչ, չեն անում, հակառակն են անում: Հակառակն են անում, մենք դրա համար ենք վրդովվում»:
Սոցիալական, տնտեսական և իրավա-քաղաքական տեսակետից գնահատելով կառավարության այս նախագիծը՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ «թերի դրական լուծում պարունակող նախաձեռնություն է: Դրական տարր կա նախագծի մեջ, բայց դա բացասական հետևանք է ունենում տնտեսության վրա, որովհետև անհետևողական է դառնում այդ քաղաքականությունը և այս պահին բերելու է նոր լրացուցիչ բեռի տնտեսվարող սուբյեկտների և համայնքային բյուջեների վրա»: Արծվիկ Մինասյանը նշեց, որ 45 հազար դրամը չի ծածկում անգամ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը: «Դուք եկել եք, աղքատության հաղթահարումից եք խոսում, ինչի՞ց եք խոսում, անհասկանալի է»,- կառավարության անդամներին դիմեց նա:
Այս նախագիծն, ըստ նրա, կբերի նաև ստվերային տնտեսության մեծացմանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ