«Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Ամի Կոոպմանսշափը: Ներկայացնում ենք Aravot.am-ի հարցազրույցը տիկին Կոոպմանսշափի հետ:
– Ձեր կարծիքով որո՞նք են այն երեք հիմնական սկզբունքները, որոնց իրականացման արդյունքում երկիրը կարող է հասնել իրական ժողովրդավարության:
-Կարծում եմ՝ ժողովրդավարությունը չի կարող զարգանալ առանց քաղաքացիների մասնակցության: Պետք է մարդկանց թույլ տալ մասնակցել թե՛ փոքր, թե՛ մեծ խնդիրների քննարկմանը: Միայն այդ դեպքում քաղաքական գործիչները կարող են իմանալ` ինչ են մարդիկ մտածում այս կամ այն հարցի մասին ու հետևաբար կողմնորոշվել` ինչպես գործել այս կամ այն հարցում: Ուստի տեղական և ազգային կառավարման համակարգում ամենակարևորը կողմերի համագործակցությունն է: Կառավարման օղակներում գտնվողները ստիպված են լսել և պետք է ցանկանան լսել քաղաքացիների ցանկությունները: Դա չի նշանակում, որ բոլոր ցանկությունները ի կատար են ածվելու, բայց լսելը թույլ կտա կառավարողներին նաև ստուգել հասարակական տրամադրությունները:
– Առաջին անգա՞մ եք այցելում Հայաստան:
Կարդացեք նաև
-Այո, առաջին անգամ:
– Կարծում եմ` արդեն ունեք տպավորություն` մեր կառավարությունը ունի՞ այդ նախաձեռնությունը` լսել քաղաքացիներին:
-Հայաստանում առաջին անգամ եմ, բայց ԵԽ-ում բազմիցս շփվել եմ հայ պաշտոնյաների հետ: Ես հասկացել եմ, որ նրանք իրականում ցանկություն ունեն իրոք զարգացնել համայնքային մասնակցությունը, քանի որ դա նրանց օգնում է լսել իրենց պոտենցիալ ընտրողներին: Դա նրանց հնարավորություն կտա ներկայացնել լավ առաջարկներ և ստանալ արդյունքներ: Դա միայն Հայաստանում չէ, դա ամբողջ Եվրոպայում, բոլոր երկրներում է այդպես:
– Ի՞նչ կասեք Ձեր երկրի մասին, ի՞նչ օգտակար բան կարող ենք քաղել Ձեր երկրի փորձից ժողովրդավարացման գործընթացներում:
-Դա միայն ժողովրդավարությունը չէ: Քաղաքացիների մասնակցությունը ժողովրդավարության մի բաղադրիչն է: Հոլանդիայում մենք երկարաժամկետ մասնակցության սկզբունքով ենք առաջնորդվում: Այժմ ամենակարևորը համացանցային մասնակցությունն է, պետք է օգտագործել բոլոր այն ձևերը, որոնց հնարավորությունը տալիս է համացանցը: Դա հեշտացնում է հասկանալ`ինչ են մտածում քաղաքացիները: Համացանցը քննարկումների մեծ դաշտ է, կարելի է հարցեր տալ, պատասխաններ ստանալ: Ուստի համացանցը ինֆորմացիա ստանալու ամենահեշտ ճանապարհն է հատկապես քաղաքական գործիչների համար:
-Ասում են` ժողովրդավարությունը բռնակալների ձեռքի գործիքն է: Համամի՞տ եք այդ կարծիքին:
-Բռնակալությունն ու ժողովրդավարությունը երկու տարբեր բաներ են: Եթե դու ուզում ես իմանալ` մարդիկ ինչ են մտածում ու ցանկանում, ինչի հիման վրա որոշումներ ընդունես, ապա դու չես կարող բռնակալ լինել: Բռնակալն ունի գաղափար և այն առանց մյուսների կարծիքը հաշվի առնելու ուզում է իրականացնել: Եվրոպայում և Եվրոպայից դուրս տեսնում ենք, որ բռնակալությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է մասնակցությունը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ