Մալթայի հետ խաղից հետո կրկին Վարդան Մինասյանի հրաժարականի մասին հարց բարձրացավ: Սակայն մարզիչը հայտարարեց, թե երկրորդ անգամ նույն քայլին չի դիմի:
Մեկնաբանելով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հրաժարական տալ-չտալու հարցը, ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանն ասաց. «Ես խնդրին այն տեսանկյունից չեմ նայում, թե Վարդան Մինասյանն արժանի՞ է հավաքականի գլխավոր մարզիչ լինել, թե՞ ոչ: Առաջին հերթին մտածում եմ. իսկ այս պահի դրությամբ, ներսից ո՞վ կարող է փոխարինել նրան: Երկար տարիներ փորձարկումներ են եղել` դրսից մասնագետներ են հրավիրվել ու ոչ մի օգուտ: Չեմ կարծում, թե մեր հավաքականն այն աստիճան է հավասարակշռված, պատրաստ բարձր խնդիրներ լուծելու, որ անվանի մասնագետներ հրավիրենք: Եթե Կապելլոյի, Մոուրինիոյի մակարդակի մասնագետներ չենք հրավիրելու, իմ կարծիքով ֆեդերացիայի այսօրվա վարած քաղաքականությունը ճիշտ է, որ մարզիչը լինի տեղից:
Իսկ հիմա եկեք հարց տանք, թե տեղի մարզիչներից ո՞վ կարող է ավելի լավ աշխատել, քան Մինասյանը, որը, ինչպես քիչ առաջ նշեցի, ինքն էլ սխալներ ունի: Մարզիչ հանելն ամենահեշտն է: Բայց դրանից առաջ պետք է իմանալ, թե ո՞վ կարող է ավելի լավ աշխատել, կամ գոնե նրա պես, որպեսզի ժամանակավորապես փոխարինի, մինչեւ ավելի լավը կգտնվի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ