«Այն միամիտ բացատրությունը, որ տվել է Աշոտ Սուքիասյանը, հայտարարելով, թե առանց վարչապետի եւ արքեպիսկոպոսի իմացության, իր սեփական նախաձեռնությամբ բաժնեմասեր է գրել նրանց անվան դիմաց, ուղղակի ծիծաղելի է: Որովհետեւ եթե դու որեւէ տեղ բաժնեմաս ունես, սեփականության մաս ունես, ապա պետք է համապատասխան հաշվեհամար ունենաս, որին կգան քո եկամուտներն այդ բաժնեմասից: Իսկ հոգեւոր սպասավորի հետ կապված՝ ուղղակի անհարմար է քննարկել, երբ ասում է՝ «Բենթլին» նվիրել են: Ես չեմ պատկերացնում, որ նման բան լիներ լուսահոգի Վազգեն առաջինի հետ, չեմ պատկերացնում, որ նա նման շքեղ նվերներ վերցներ»,-անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի եւ գործարար Աշոտ Համբարձումյանի անուններով օֆշորային գոտում բացված ընկերության հետ կապված սկանդալին՝ այսօր «Հայելի» ակումբում կայացած քննարկման ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
Իր հերթին քննարկման մյուս մասնակիցը՝ ՀՀԿ անդամ, պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կասկած հայտնեց, որ Աշոտ Սուքիասյանից ստացված այդ նամակը իրական է: Նա նաեւ կոչ արեց չտալ գնահատականներ, քանի դեռ համապատասխան մարմինները չեն ավարտել քննությունը.«Թող համապատասխան մարմինները գնահատականներ հնչեցնեն, նոր մենք կարող ենք բարոյական եւ քաղաքական գնահատականներ տալ: Մենք դատավոր չենք, մենք կարող ենք միայն խոսել»:
Նրան հակադարձելով Արամ Գասպարիչն ասաց, որ ՀՀԿ-ն իր լծակներով մեծ հնարավորություն ունի՝ առանց դատարանի եւ դատախազության էլ ճշտել այս պատմության մեջ որ մասն է իրական, որը սուտ, սակայն իր համար արդեն իսկ պարզ է, որ եթե Աշոտ Սուքիասյանը այդ միամիտ եւ անհավանական բացատրությունը տվել է, որեւէ կասկած չի մնում, որ պատմությունն իրական է.«Այդ ամենը ձեր կուսակցության հեղինակության հարցն է: Ինչո՞ւ եք անընդհատ ձգձգում: Ինչո՞ւ պիտի Վարդանիկը եսիմ ինչեր աներ՝ նոր ազատվեիք, ինչո՞ւ պիտի Սուրիկ Խաչատրյանը եսիմ ինչեր աներ՝ նոր ազատվեր, այն էլ՝ իր դիմումի համաձայն»:
Ըստ Սուքիաս Ավետիսյանի, այն որ Սուրիկ Խաչատրյանը այլեւս Սյունիքի մարզպետ չի, թեկուզ՝ իր դիմումի համաձայն, դա արդեն քաղաքական գնահատականն է:
Կարդացեք նաև
Չհամաձայնելով այս մտքի հետ՝ Արամ Գասպարիչն ասաց, որ քաղաքական որոշում կլիներ այն դեպքում, եթե կուսակցությունը աներ վարչության նիստ եւ որոշում ընդուներ, հատկապես որ տվյալ անձի հետ կապված սա առաջին պատմությունը չէ:
Հարցին՝ չե՞ք կարծում, որ այն, որ Սյունիքում մինչեւ հիմա չի նշանակվել նոր մարզպետ, ավելին՝ սկսվել է ստորագրահավաք Սուրիկ Խաչատրյանին վերադարձնելու համար, դրանք հիմնավոր ենթադրության տեղիք են տալիս, որ նրան կվերանշանակեն իր պաշտոնում, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Այդ դեպքում իշխանությունը ուղղակի պետք է ինքն իր վրա խաչ քաշի»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ