Այսօրվա մամուլի ասուլիսում Սուրեն Բաղդասարյանը հիշեց, որ 60-70-ական թվականներին ֆուտբոլում հենակետային կիսապաշտպան հասկացություն չկար:
«Կուզենայի մի բանի մասին խոսել, որն էլի կապված է տակտիկայի հետ: Հիմա ասում են` հենակետային կիսապաշտպան: 60-70-ական թվականներին այդպիսի տերմին չկար: Կային կիսապաշտպաններ` կենտրոնական, եզրային եւ ֆունկցիաների տարբերություն չկար: Բոլորն էլ մասնակցում էին թե պաշտպանությանը, թե գրոհներին: Այսօր Կառլեն Մկրտչյանի մասին ասում են` շատ լավ է խաղում: Այո, նա ինձ էլ է դուր գալիս. կարգապահ է, անձնուրաց է խաղում, պաշտպանությունում շատ օգտակար է: Բայց հարձակման փուլում զրո է: Նայեք, ցանկացած առաջնությունում, անգամ ամենաթույլ թիմերը հզոր ակումբների հետ հանդիպումներում, եթե առիթ են ունենում, 6-7 հոգով հեղեղի պես թափվում են մրցակցի պաշտպանության վրա: Կրկին հիշեմ «Արարատ-73»-ը, որը խաղում էր երեք կիսապաշտպանով: Բայց նրանք, երբեմն Մեսրոպյանն ու Գեւորգյանը, անգամ Կովալենկոն մասնակցում էին գրոհներին ու գոլ խփելը բավականին հեշտանում էր: Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը հեռահար հարվածների են տիրապետում ու Հայաստանի առաջնությունում գոլեր են խփում: Իսկ հավաքականում Եդիգարյանը, կարծես, հատուկ հանձնարարություն է ստանում` Էս իմ տարածքն է, ոչ ոք չմտնի եւ ես ինձ հանգիստ կզգամ», – ասաց ֆուտբոլային մեկնաբանը:
Aravot.am-ի հարցին, թե որքան էլ միջազգային մակարդակի երեք ֆուտբոլիստ ունենանք, նրանց խաղն այն չի լինի, եթե խաղընկերները դաշտում միմյանց լավ չեն հասկանում, Սուրեն Բաղդասարյանը պատասխանեց. «Միանգամայն համաձայն եմ: Երկու-երեք ֆուտբոլիստով լավ թիմ լինել չի կարող: Խաղային օղակների մեջ համակցվածություն պետք է լինի, խաղացողների ընտրությունում` հավասարաչափություն: Իսկ մեր հավաքականում հատկապես հետին գծի խաղացողները չունեն այն բարձր խաղամակարդակը, որպեսզի թիմը կարողանա բարձր տեղեր գրավել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ