Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանն այս անգամ էլ Լեւոն Զուրաբյանին էր ընդդիմանում (Տեսանյութ)

Հունիս 19,2013 15:33

Այսօր խորհրդարանի իր ելույթում, «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին հարկային եւ մաքսային արտոնություններ տալու հարցի երկրորդ ընթերցման ժամանակ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեջբերեց Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը Քսենյա Սոբչակին, որտեղ գործարարը նկատել էր, թե ՀՀ-ում գործում է կլանային համակարգ: Այդ պարագայում իր ներդրումը Հայաստանում գործարարը բացատրել էր նրանով, որ լավ հարաբերություններ ունի ՀՀ-ի իշխանությունների հետ: «Մարդը փաստորեն բացահայտ ասում է, որ մեր երկրում ներդրումներ կարող ես անել միայն այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը կամ Տիգրան Սարգսյանը օրթախ են քո հետ»,-եզրակացրեց Զուրաբյանը:

Ապա նկատեց, որ պարզ չէ, թե այս օրենքն ինչպիսի՞ թերություններ ունի, ի՞նչ սողանքներ է բացվում հարկային պարտավորություններից խուսափելու համար, արդյոք այս նախագծով կառավարությանը տրվում է արտոնյալ ընկերությունների ցուցակ կազմելու իրավունքը, ապա այս ավազակապետական կառավարությունը որքան կչարաշահի այս դրույթը եւ այլն:

Լեւոն Զուրաբյանի ելույթից հետո դահլիճում նստած ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն անընդհատ ռեպլիկներ էր շպրտում, ապա ձայն խնդրեց:Նիստը նախագահող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կանոնակարգը թույլ չի տալիս, որ Վարդան Այվազյանին խոսք տա: Վարդան Այվազյանը չէր հանդարտվում: Հովիկ Աբրահմյանն ավելի սաստող տոնով հորդորեց`հարգել գործընկերներին եւ ռեպլիկներով չխանգարել նրանց ելույթները, քանի որ նման պահվածքը դրական չի բնորոշում հենց տվյալ անձին: Վարդան Այվազյանը բավականին ուշ հանդարտվեց. Դեռ երկար ժամանակ իր կողքը նստածներին ինչ-որ բաներ էր ասում: Զուրաբյանն իր ելույթում հիշեցրեց բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի շուրջ ստեղծված միջազգային սկանդալը և նշեց. «Այսքանից հետո ի՞նչ ուղերձ է տալիս իշխանությունը, երբ նման հանցագործություններ կատարած մարդուն ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ է նշանակում: Իսկ օֆշորային այս սկանդալից հետո ո՞ր բարեխիղճ ներդրողը սթափ վիճակում ՀՀ-ում ներդրում կանի: Ներդրումները վանելու համար կարելի է մեղադրել միայն ձեր իշխանությանը»:

Հիշեցնենք, որ 2012 թ. սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանը 37,5 մլն դոլարի հայց է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախկին նախարար վարդան Այվազյանի դեմ՝ «Գլոբալ Գոլդ մայնինգ» ընկերության բողոքի հիման վրա, կապված Մեղրաձորի հանքավայրի շահագործման իրավունքների հետ: Այս ելույթն անմիջապես հակադարձեց Վարդան Այվազյանը, ասելով. «Ես պետք է խորհուրդ տամ իրավական գիտելիքների մեծ գիտակին, որ ինչ որ մի երկրի վարչական դատարանի որոշումն այստեղ ցիտելու փոխարեն ավելի լավ էր ցիտեր միջազգային արբիտրաժի որոշումը, իսկ եթե որ 136 տոննանոց ոսկու հանքը 200 հազարով ծախելու համար, որի վրա 5 տոննա ոսկի եմ գրել, ցավացել է ձեր գործակալի համար, ինձ համար ընդունելի է: Եթե մնացած մանրամասները կուզես իմանալ, մեծագույն սիրով պատրաստ եմ ձեզ էլ, ձեզ ներկայացնողներին էլ հանդիպել, իսկ ինչ վերաբերում է դեսպանի հայտարարությանը, ես այսօր կզբաղվեմ այդ հարցով:Նույն հաջողությամբ Ալիևին կարող եք վարչական դատարանում դատի ենթարկել, իսկ եթե ձեզ շատ հարազատ է՝ կարող եք չանել»:

Հիշեցնենք, որ Զուրաբյանի ելույթի սկզբի հատվածում էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընդվզեց:

Ինչեւէ, ընդդիմադիրների անհամաձայնությունը որեւէ կերպ չխանգարեց, որ քաղաքական մեծամասնության շնորհիվ նախագիծն ընդունվի նաեւ երկրորդ ընթերցման ժամանակ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930