Այսօր երեկոյան «Ա.Բաբաջանյան» համերգասրահում կկայանա Ա.Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային երկրորդ մրցույթ-փառատոնի գալահամերգը: Մրցույթը սկսվել էր հունիսի 12-ից եւ անցկացվել տարբեր համերգային սրահներում:
Մրցույթ-փառատոնի կազմկոմիտեի նախագահն է ՀՀ ԿԳ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մրցույթի աշխարհագրությունն ընդլայնվել է, մասնակցել են պատանի եւ երիտասարդ դաշնակահարներ՝ ոչ միայն Հայաստանից եւ Արցախից, այլեւ արտերկրից, օրինակ՝ Սիրիայից, Ավստրալիայից: Ընդ որում, նրա ասելով. «Կան ներկայացուցիչներ, որոնք արտերկրում ապրող ծագումով հայեր են, կան նաեւ ոչ հայ մասնակիցներ»:
Ռոբերտ Աբրահամյանի խոսքով. «Ուրախալի է, որ բաբաջանյանական մրցույթով հետաքրքրվողների շրջանակը ընդլայնվում է, մասնակից երկրների թիվը՝ նույնպես: Այս օրերի ընթացքում մրցութային երեք փուլերով իրականացվել են լսումներ: Իսկ այսօր կոմպոզիտորի անունը կրող համերգասրահում կկայանա գալահամերգ, հաղթողներն էլ կներկայացնեն Առնո Բաբաջանյանի լավագույն ստեղծագործությունները: Ծրագրի նպատակն է երիտասարդության շրջանում խրախուսել Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարումը, սեր սերմանել մեր մշակութային ժառանգության եւ բարձրաճաշակ արվեստի նկատմամբ, բացահայտել շնորհալիներին, ինչպես նաեւ հանրությանը եւս մեկ հնարավորություն ընձեռել հաղորդակից լինելու մեր հանճարեղ կոմպոզիտորներից մեկի՝ստեղծագործական ժառանգությանը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ