Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի նախկին տնօրեն, ԸԸՀ նախկին նախագահի գործը ուղարկվեց քննչական

Հունիս 19,2013 15:07

Կրթության և գիտության նախարարության ներքին աուդիտի բաժնի կողմից վերջերս ֆինանսական ստուգումներ էին անցկացվել Գյումրու թիվ 37 դպրոցում, որի արդյունքում արձանագրվել էր մի շարք ֆինանսական խախտումներ, ու ակտը ուղարկվել իրավապահ մարմիններին: Թե ի՞նչ խախտումների կամ չարաշահումների մասին է խոսքը, նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ Սեդրակ Սարգսյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ չի կարող ասել, քանի որ «Ներքին աուդիտի» մասին օրենքը արգելում է:

Սակայն վերջինս փաստեց, որ ֆինանսական խախտումներ իրոք արձանագրվել են, և գործը իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանն էլ մեզ տեղեկացրեց, որ մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանն էլ խոստացավ մանրամասներ հաղորդել ավելի ուշ:

Նշենք սակայն, որ մեր տեղեկություններով, ստուգողները արձանագրել են , որ այս դպրոցի նախկին տնօրենի` Սայաթ Մինասյանի պաշտոնավարման օրոք (նա նաև Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախկին նախագահն էր),անցած տարվա դեկտեմբերին գանձարանից դուրս է բերվել, կանխիկացվել, սակայն չի վճարվել դպրոցի աշխատակիցներից կեսի մեկ ամսվա աշխատավարձը: Խոսքը մոտ 3 միլիոն դրամի մասին է, այնուհետ աշակերտներից գանձվել է դասագրքերի վարձավճար, որից մոտավորապես 4 միլիոնից ավելին չի փոխանցվել դասագրքերի շրջանառու հիմնադրամի դպրոցի հաշվեհամարին: Վերանորոգման աշխատանքներ իրականցնելու նպատակով գումարներ են դուրս գրվել, սակայն փաստացի վերանորոգում չի կատարվել: Մենք դպրոցի ներկայիս տնօրենից`Աստղիկ Ավետիսյանից փորձեցինք ճշտել, թե դպրոցը ինչքա՞ն պարտք ունի, սակայն նա հրաժարվեց այս մասին խոսելուց`պատճառաբանելով, թե այս հարցով զբաղվում են իրավապահ մարմինները: Իսկ թե նախորդի կողմից իրականում ֆինանսական չարաշահում եղե՞լ է, թե՞ ոչ, այդ հարցի պատասխանը շուտով կտա մարզի քննչական վարչությունը:

Նշենք, որ նախորդ տնօրենը 8 տարի շարունակ զբաղեցնում էր այդ պաշտոնը, նախկինում Շիրակի մարզպետարանի սպորտի բաժնի պետն էր, նաև դահուկային ֆեդերացիայի փոխնախագահն է: Այս թեմայի շուրջ քննչական մարմնից տեղեկություններ ստանալուն պես կփորձենք լսել նաև Սայաթ Մինասյանին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930