Լրահոս
Օրվա լրահոսը

«Տորթի վրայի բալ» երիտասարդության, կուսակցականացման ու իրական ժողովրդավարության սահմանները (Տեսանյութ)

Հունիս 19,2013 14:53

«Ցավոք, երիտասարդների ներգրավվածությունը քաղաքական, ժողովրդավարական գործընթացներում հաճախ կեղծ բնույթ է կրում: Նրանք ուղղակի վերածվում են տորթի վրա բալի, որից վերջում ոչինչ չի մնում»,-Aravot.am-ի հարցին` արդյոք երիտասարդների կուսակցականացումը չի՞ խոչընդոտում իրական ժողովրդավարական գործընթացներում երիտասարդների մասնակցությանն, այսպես պատասխանեց ԵԽ փորձագետ, սոցիալական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Կոլումբիայի համալսարանի դասախոս Ջիովաննի Ալեգրետտին: Միևնույն ժամանակ նա կարևորեց երիտասարդների մասնակցությունը քաղաքական գործընթացներում ու մանրամասնեց. «Օրինակ` Պորտուգալիայում կուսակցությունների երիտթևերում ներգրավված երիտասարդներն ավելի նորովի են մտածում, քան նրանց ավագ գործընկերները: Որպես կանոն` մեծ թվով երիտասարդ անդամներ ունեցող կուսակցություններն ավելի առաջընթացային են»:

Ջ. Ալեգրետտին կարևորեց այն, որ կուսակցական գործիչները պարբերաբար վերապատրաստումներ անցնեն, քանի որ հաճախ նրանք սկսում են արհամարհանքով, մատների արանքով նայել իրենց վստահված կառավարման գործառույթներին: Նա, հղում կատարելով 1998-ին Ֆրանսիայում անցկացված մի ուսումնասիրության, նշեց. «Համաձայն այդ տվյալների`այն երիտասարդները, որոնք ներգրավված են լինում համայնքային կառավարման գործընթացներում, հետագայում ավելի լավ քաղաքական գործիչներ են դառնում: Իսկ, օրինակ, Շվեդիայում, որտեղ ժողովրդավարության առումով կատարյալ իրավիճակ է, քաղաքական գործիչների միջին տարիքը աճում է: Ավելի քիչ երիտասարդներ են հետաքրքրվում քաղաքականությամբ, քանի որ նրանց ամեն ինչ պատրաստի մատուցվում է և ստիպված չեն պայքարել ժողովրդավարական արժեքների համար»:

Երիտասարդների մասնակցության և էլեկտրոնային ժողովրդավարության փորձագետ, Մեծ Բրիտանիան ներկայացնող Անտոնիա Դիքսեյն էլ նշեց, որ իր ամենօրյա գործն է երիտասարդներին ներգավել համայնքային կառավարման գործընթացներում: Նա ասաց. «Երիտասարդների` քաղաքական կուսակցություններում անդամագրելը այդ ճանապարհին ամենասովորական մեթոդն է: Բայց կան բազում եղանակներ երիտասարդների ներգրավվածության բարձրացման առումով: Կան ավելի կրեատիվ մեխանիզմներ, գործիքներ: Իրականում պետք է օգտագործել այդ մեթոդները, որպեսզի երիտասարդներին գայթակղել մասնակցել համայնքային կառավարման գործընթացներում: Ամենաարդյունավետներից է երիտասարդների համար ժամանցի կազմակերպումը: Դրա համար օգտագործում ենք սոցիալական մեդիաները, ֆեյսբուք, թվիթեր, օնլայն բազում ծառայություններ, խաղեր, մրցույթներ, դպրոցների միջև համագործակցային դաշտի ստեղծում: Վոքս-փոփեր (կարճ հարցումներ) ենք անցկացնում, դա էլ է արդյունավետ աշխատում: Երիտասարդների հետ ավելի դժվար է աշխատելը, քան ավագ սերնդի ներկայացուցիչների, քանի որ երիտասարդներն ավելի արագ են ձանձրանում»:

Խոսելով հայաստանյան իրավիճակի մասին` մեր զրուցակիցը նշեց, որ ՀՀ-ն ոչնչով չի տարբերվում այլ եվրոպական երկրներից, քանի որ ինքը նկատել է, որ մեր երկրում կառավարող օղակներում գտնվող անձինք, հանրային կառավարման մարմիններում ներգրավվածները կարևորում են համայնքային կառավարումը և այդ գործընթացում երիտասարդների ներգրավվածությունը: Նրանք լսում են միմյանց, պատասխանում մեկը մյուսի հարցապնդումներին: Ուստի կարծում է, որ ժողովրդավարացման գործընթացները Հայաստանում շարունակվում են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930