«Դիլիջանի միջազգային դպրոցի հարցի քննարկումը նման է, թե ով ավելի վառ կներկայացնի Գյուլնազ տատին»,- խորհրդարանի արտահերթ նստաշրջանի ընթացքում, խոսելով «Դիլիջանի միջազգային դպրոցի» զարգացման ծրագրի մասին, իր ելույթն այսպես սկսեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը նշեց, որ ամբիոնից անթույլատրելի է «ոչ տրամաբանական և փաստերից զուրկ» կարծիքների արտահայտումը: Նրա խոսքերով, իրականում տեղի է ունենում այն, ինչ գրված է իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրում, որպեսզի Հայաստանում կրթությունը և գիտությունը զարգանան, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային կրթական կենտրոն. «Մենք պետք է անենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի մեր երկրում ներճգնաժամային փուլում խրախուսվեն արտաքին ներդրումները»:
Ըստ նրա, շատերը կցանկանային, որ միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց բացվեր իրենց երկրում:Պատգամավորի խոսքերով՝ պետք է շնորհակալություն հայտնել այն ներդնողներին, բոլոր շահագրգիռ կողմերին, այս գաղափարն իրականացնողներին, որ երկրում նման ծրագրեր են իրականացնում: «Սա աննախադեպ գիտակրթական ծրագիր է, որին կմասնակցեն շուրջ 60 երկրից երիտասարդներ, և ՀՀ օժտված երեխաները նույնպես հնարավորություն կունենան Դիլիջանի միջազգային դպրոցում սովորելու»,- ասաց Շարմազանովը՝ հարց ուղղելով դահլիճում գտնվողներին`կա՞ ինչ-որ մեկը, ով դեմ է, որ Հայաստանը դառնա միջազգային կրթական կենտրոն, որտեղ կսովորեն նաև հայ երեխաները:
Բացի այդ, Շարմազանովի խոսքերով, Տավուշի սոցիալ-տնտեսական ծրագրերը նույնպես ավելի կզարգանան: Հայաստանի համաչափ զարգացման մասին անընդհատ խոսողներին դիմելով`ԱԺ փոխնախագահն ասաց, որ սա հենց տարածքների համաչափ զարգացում է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ «Ա1+»-ի