ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթի ընթացքում խորհրդարանի դահլիճում միջադեպ եղավ: Խոսելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին հարկային եւ մաքսային արտոնություններ տալու երկրորդ ընթերցման ժամանակ, պարոն Զուրաբյանը տարակուսանք արտահայտեց, որ իշխանական պատգամավորներն այդպես էլ չեն կարողացել հասկանալ այնպիսի տարրական բան, ինչպես, ասենք, այն է, որ պատգամավորն իրավունք չունի բիզնես ունենալ: Դահլիճից ընդվզեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ի պատասխան՝ Լեւոն Զուրաբյանն ասաց. «Լսեք, լսեք, ձեզ համար օգտակար է»:
Դահլիճից ընդվզումը շարունակվեց: Միջամտեց նիստը նախագահող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` հորդորելով տեղից չխանգարել ելույթ ունեցողներին:
Զուրաբյանն իր ելույթում հիշեցրեց բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի շուրջ ստեղծված միջազգային սկանդալը և նշեց. «Այսքանից հետո ի՞նչ ուղերձ է տալիս իշխանությունը, երբ նման հանցագործություններ կատարած մարդուն ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ է նշանակում: Իսկ օֆշորային այս սկանդալից հետո, ո՞ր բարեխիղճ ներդրողը սթափ վիճակում ՀՀ-ում ներդրում կանի: Ներդրումները վանելու համար կարելի է մեղադրել միայն ձեր իշխանությանը»:
Հիշեցնենք, որ 2012 թ. սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանը 37,5 մլն դոլարի հայց է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի դեմ՝ «Գլոբալ Գոլդ մայնինգ» ընկերության բողոքի հիման վրա՝ կապված Մեղրաձորի հանքավայրի շահագործման իրավունքների հետ:
Կարդացեք նաև
Այս ելույթին անմիջապես հակադարձեց Վարդան Այվազյանը, ասելով. «Ես պետք է խորհուրդ տամ իրավական գիտելիքների մեծ գիտակին, որ ինչ որ մի երկրի վարչական դատարանի որոշումն այստեղ ցիտելու փոխարեն ավելի լավ էր ցիտեր միջազգային արբիտրաժի որոշումը, իսկ եթե, որ 136 տոննանոց ոսկու հանքը 200 հազարով ծախելու համար, որի վրա 5 տոննա ոսկի եմ գրել, ցավացել է ձեր գործակալի համար, ինձ համար ընդունելի է: Եթե մնացած մանրամասները կուզես իմանալ, մեծագույն սիրով պատրաստ եմ ձեզ էլ, ձեզ ներկայացնողներին էլ հանդիպել, իսկ ինչ վերաբերում է դեսպանի հայտարարությանը, ես այսօր կզբաղվեմ այդ հարցով:Նույն հաջողությամբ Ալիևին կարող եք վարչական դատարանում դատի ենթարկել, իսկ եթե ձեզ շատ հարազատ է՝ կարող եք չանել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ