Արդեն 8 տարի է՝ հնդկական պատվաստանյութ չի ներկրվում մեր երկիր
Այս պահին մեր երկրում կարմրուկի 4 դեպք կա: Վրաստանում բռնկված կարմրուկն էլ նահանջում է: Այսօր «Հենարան» ակումբում ասաց առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Ըստ նրա, հունիսի 14-ից սկսած՝ հարեւան երկրում վարակի անկում է սկսվել. «Վրաստանի հետ համեմատած, ահռելի տարբերություն կա մեր երկրում, նույնիսկ դրսից զարմանում են՝ կարո՞ղ ա Հայաստանում կա, թաքցնում են: Նման բան գոյություն չունի: Այսօր կասկածելի բազմաթիվ դեպքեր ունենք, որոնք լաբորատոր քննությամբ ժխտվում են»: Այդուհանդերձ, մասնագետը Վրաստան մեկնել ցանկացողներին եւ նրանց, որոնք գուցե պատվաստվել են կարմրուկի դեմ կամ հիվանդացել են, բայց չեն հիշում, կոչ է անում կրկին պատվաստվել` անցանկալի հետեւանքներից խուսափելու համար: Եթե նույնիսկ պատվաստված էլ լինեն, լրացուցիչ պատվաստանյութը վնասակար չէ: Տիկին Սահակյանի խոսքերով, կարմրուկը օդակաթիլային ինֆեկցիա է, նախանշաններն են ցանը, աչքերի բորբոքումը` կոնյուկտիվիտը,կարմրածությունը:
Գայանե Սահակյանի մեկնաբանությունները` տեսանյութում
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը վստահեցրեց, որ ներկայումս Հայաստան է բերվում միայն եվրոպական արտադրության պատվաստանյութ եւ արդեն 8 տարի է՝ հնդկական պատվաստանյութ չենք ներկրում: Ինչ վերաբերում է պատվաստանյութերի որակին ու ժամկետին, ինչը մշտապես քաղաքացիների շրջանում մտահոգությունների առիթ է տալիս, մասնագետը հայտնեց, որ պատվաստանյութի սրվակի վրա առկա է ժամկետը մատնանշող հեղուկ, որն անմիջապես գույնը փոխում է, եթե այն ժամկետանց է լինում:
Կարդացեք նաև
Հանրապետությունում ջրծաղիկի բռնկումներ չկան եւ 2012-ի տվյալներով, 100 հազար բնակչին, ըստ տիկին Սահակյանի, բաժին է ընկնում 0,8 ջրծաղիկի դեպք, որը կազմում է 16 մարդ: Բանակի տվյալները այս ցուցանիշում ներառված չեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ