Այսօր խորհրդարանն արտահերթ նիստի շրջանակներում քննարկում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այնպես էլ այժմ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները դեմ են արտահայտվում սույն արտոնություններին, քանի որ, ըստ նրանց, ամբողջական եւ հասկանալի խորագիր ներկայացված չէ, թե հատկապես ի՞նչ հիմնարկ ենք ունենալու Դիլիջանում:
Նշենք, որ ՀՀ-ում ներդրումներին կամ Ռուբեն Վարդանյանին ոչ ոք դեմ չէ:
Իր ելույթում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում իշխանությունների արած հայտարարություններն ու մեկնաբանությունները ստիպում են մտածել, որ այս նախագիծն ուղղակի առնչություն ունի վերջերս ծագած օֆշորային սկանդալի հետ։
Կարդացեք նաև
Նա մեջբերեց Հովիկ Աբրահամյանի խոսքից մի հատված․ «Բայց մարդիկ էլ չեն վստահում մեզ, ասում են տվեք արտոնություն, մենք բերենք ներդրում կատարենք, բա որ մարդիկ բերեն ծախս անեն, ծրագիրն իրականացնեն և չտրվի հարկային արտոնություն, այդ մարդիկ․․․»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, սյստեղ միտքը կախվում է. «Հարց է ծագում՝ այդ մարդիկ՝ ի՞նչ։ Իշխանության այլ ներկայացուցիչներ իրենց ելույթներում ակնարկեցին, որ եթե Աժ-ն տրամադրում է արտոնություններ, ապա Ռուբեն Վարդանյանը շարունակում է իրականացնել այդ ծրագիրը, եթե չի տալիս, նա դադարեցնո՞ւմ է այդ ծրագիրը»։Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Ռուբեն Վարդանյանը, լինելով հեղինակավոր գործարար, ծրագիրը սկսելուց առաջ չէր կարող չուսումնասիրել Հայաստանի հարկային և մաքսային դաշտը։ Նրա խոսքով՝ երկու տարի Դիլիջանի միջազգային դպրոցի վրա միլիոնավոր դոլարների աշխատանք է իրականացվել, և հարկային և մաքսային արտոնություն տրամադրելը երբեք նախապայման չի եղել այս ծրագրի իրականացման համար:
«Ի՞նչն է փոխվել։ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ոմն գործարար Աշոտ Սուքիասյան 10 մլն դոլար է քցել Ռ․Վարդանյանին պատկանող «Ամերիա» բանկին։ Ռ․Վարդանյանն ինչպես «Ամերիա» բանկի խորհրդի նախագահն է, այնպես էլ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի նախաձեռնողը։ Ուստի այս նախագիծը քննարկվում է կոռուպցիոն սկանդալի ուժով։ Իշխանություններն ամեն անգամ Ռ․Վարդանյանին հավաստիացրել են, որ վարկը կփակվի, փողը կվերադարձվի, բայց գործարարի համբերության բաժակը լցվել է մայիսի 29-ին, երբ «Հետք»-ում հրապարակվեց հայտնի սկանդալի մանրամասները։ Դա ապացույցն է այն բանի, որ ոչ միայն գցել են բանկին, այլև հենց Ռուբեն Վարդանյանին։
«Հետքի» հրապարակումից հետո իրադարձությունները զարգանում են սուպեր արագությամբ։ Հրապարակումից հետո Սերժ Սարգսյանն այցելում է Դիլիջանի միջազգային դպրոց, հանդիպում Ռուբեն Վարդանյանի հետ։ Նույն օրը կառավարությունն իր նիստում սույն օրենքի նախագիծը համարում է անհետաձգելի։ Հունիսի 10-ի Աժ նիստում որոշում է կայացվում օրենքի նախագիծը քննել հատուկ ընթացակարգով»,- հստակեցրեց Նիկոլ Փաշինյանը։
ԱԺ պատգամավորը հայտարարեց, որ ինքը նախագծի երկրորդ և երրորդ ընթերցման ժամանակ էլ է դեմ քվեարկելու օրինագծին, նշելով, որ իր համակրանքը գործարար Ռուբեն Վարդանյանի կողմն է, բայց ինքը չի ուզում, որ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ և Նավասարդ Կճոյանի օրհնությամբ գցված փողերի համար պատասխան տա ՀՀ քաղաքացին։ Փաշինյանի կարծիքով`եթե Ռուբեն Վարդանյանին թվում է, որ այս նախագծով ինքը երաշխիքներ է ստանում, որ իրեն ավելի մեծ չափով չեն «քցի», ապա սխալվում է. «Ինչո՞ւ է իշխանությունը փորձում Ռուբեն Վարդանյանի սիրտը շահել։ Այս հարցի պատասխանը պարզ է՝ նա ունի լուրջ միջազգային հեղինակություն և կապեր։ Իշխանությունը հասկացել է, որ այս հարցն արագ չլուծելու դեպքում օֆշորային սկանդալը վերածվելու է միջազգային սկանդալի»։
Նախագծին երկրորդ եւ երրորդ ընթերցման ժամանակ «դեմ» է քվեարկելու նաեւ Գուրգեն Արսենյանը: «Ես դեմ եմ ՀՀ սուվերեն շահերը փողով փոխելուն»,- իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի