Հունիսի 26-ին Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն ընդդեմ ճարտարապետ Լեւոն Իգիթյանի գործով որոշումը: Ս. Պետրոսյանը պահանջում է հերքել անցած տարվա հոկտեմբերին իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող ճարտարապետ Լեւոն Իգիթյանի տարածած տեղեկությունները եւ պարտավորեցնել վերջինիս ներողություն խնդրել իրենից:
Հիշեցնենք, որ Ս. Պետրոսյանը վիրավորանք եւ արատավորող տեղեկություններ է համարում Լ. Իգիթյանի 6 արտահայտություն, որոնք Լ. Իգիթյանը ներկայացրել է նախ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ, ավելի ուշ Aravot.am-ին տված հարցազրույցում : «Սարհատ Պետրոսյանը, ճարտարապետ լինելով, ճարտարապետական ոչ մի պրակտիկա չունենալով ո՞նց է այսօր ինստիտուտում դաս տալիս, այն էլ քաղաքաշինության ամբիոնում: Ինքը ճարտարապետության դիպլոմը գրպանում այգեպան է աշխատում սիրահարների այգում: Ես հարց եմ տալիս՝ ո՞ր իրավունքով , ո՞ր կառուցած պուլպուլակի հեղինակն է, որ ինքը ճարտարապետությունից է խոսում…»,- ասել էր պարոն Իգիթյանը:
Ս. Պետրոսյանի ներկայացուցիչ փաստաբան Վարուժան Վարդանյանը Aravot.am-ին պատմեց, որ դատավարության ընթացքում պատասխանող կողմը որպես ապացույց Լ. Իգիթյանի ասածների, թե Ս. Պետրոսյանը վատ ուսանող է եղել եւ նրան բուհից դուրս մնալուց «փրկել» է այդ տարիներին դեկան, ներկայիս գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, առանց Ս. Պետրոսյանին տեղեկացնելու բուհից դատարան են բերել նրա անձնական գործից քաղվածքներ, ստուգարքային գրքույկը. «Մենք միջնորդությամբ հանդես եկանք, որ սա աապօրինի ձեռք բերված ապացույց է, խախտվել են Սարհատի սահմանադրական իրավունքները` անձնական կյանքի վերաբերյալ եւ խնդրել ենք չընդունել այդ ապացույցները: Դատարանը դա ի նկատի ունեցել է: Մենք նրանց հարց ենք տվել, այդ փաստաթղթից ինչի հիման վրա եք ենթադրում, որ Սարհատը պետք է դուրս մնար: Այդ փաստաթղթում երեւում է քննություն տալու ամսաթիվը եւ քննության ստացած գնահատականը, մի քանի տեղեր ընդամենը կային, որ օրինակ պետք է դեկտեմբերին հանձներ, հանձնել է մարտին: Ի պատասխան իմ հարցի, պատասխանող կողմը ասաց, թե սրանից բխում է, որ Սարհատն ունեցել ոչ բավարար առաջադիմություն եւ այն ժամանակվա դեկանը` Նարեկ Սարգսյանը, իրավունք ուներ Սարհատի դուրս մնալու մասին ներկայացնել ռեկտորին, բայց չի ներկայացրել, բարի կամք է դրսեւորել եւ փրկել է»:
Վ. Վարդանյանի խոսքերով, Ս, Պետրոսյանին երբեւէ հեռացման չեն ներկայացրել, որովհետեւ չի եղել հեռացման հրաման, ու Սարհատն էլ ավարտել է, ստացել դիպլոմ: Պատասխանող կողմը, ըստ Վ. Վարդանյանի, չի ապացուցել նաեւ այն, թե ինչպես է դեկան Նարեկ Սարգսյանը Սարհատին փրկել բուհից դուրս մնալուց, երբ Նարեկ Սարգսյանը դեկան է աշխատել մինչեւ 1999 թվականը, իսկ Սարհատը ուսանող է եղել 1997-2003 թվականին:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ դատարանում իրենք ասել են` հաշտության պատրաստ են` պայմանով, եթե Լ. Իգիթյանը ոչ թե մամուլով գոնե փաստաբանների ներկայությամբ ներողություն խնդրի , բայց դա չընդունվեց պատասխանող կողմից:
Լ. Իգիթյանի մեկնաբանությունը կներկայացնենք առանձին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ