Aravot.am-ը օրերս կայացած «Future Search» համաժողովի մասնակիցներից մեկից մտահոգություն էր ստացել այն մասին, երկու տարի առաջ նախկին տնօրենի օրոք այցելել է Մեղրիի N2 միջնակարգ դպրոց, որտեղ պետք է ներառական կրթություն իրականացվեր, սակայն մինչ այսօր սայլը տեղից չէր շարժվում:
Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լեւոն Մարգարյանը Aravot.am-ի հետ զրույցում խոստացավ անպայման ճշտել իրավիճակը: Քիչ անց վարչության պետը զանգահարեց խմբագրություն ու ասաց, որ ամեն ինչ գնում է բնականոն հունով:
Ավելի ուշ կապվեցինք նաեւ Մեղրիի թիվ 2 դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանի հետ: Նա հավաստիացրեց, որ հինգ տարի է, ինչ իրականացվում է այդ գործընթացը եւ 2010 թվականից սկսված ունեն 13 վկայագրված աշակերտներ: «Բժշկահոգեբանական, մանկավարժական գնահատման կենտրոնի Կապանի մասնաճյուղից էլ են եկել: Մենք արդեն հինգ տարի է՝ այդ գործընթացի մեջ ենք: Ունենք լոգոպեդ, համապատասխան մասնագետներ, որոնք աշխատում են երեխաների հետ: Մենք տնային ուսուցում չենք կազմակերպում, ունենք միայն թեթեւ մտավոր հետամնացության եւ լեզվական խնդիրներ ունեցող երեխաներ: Բացի հանրակրթական ուսուցումից, մասնագետները նրանց հետ զբաղվում են նաեւ խիստ նեղ մասնագիտական աշխատանքներով»,- հայտնեց Մեղրիի թիվ 2 դպրոցի տնօրենը: Մերի Հակոբյանը տեղեկացրեց, որ արդեն մեկ տարի է՝ այդ դպրոցի տնօրենն է, սակայն մինչ տնօրեն դառնալը ներառական կրթության գծով վերապատրաստվել է Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում: Համաժողովի մասնակցի մտահոգության մասին էլ տիկին Հակոբյանը նշեց. «Գուցե դա հին պատմություն է, ինքը հիմա է վերհանել: Ամեն դեպքում, մեր դպրոցում ամեն ինչ կարգին է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ