Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովին: Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում կազմակերպված համաժողովի ընթացքում կքննարկվեն ԵԽ անդամ երկրներում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային ժողովրդավարության դերը տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման գործում և մի շարք այլ հարցեր: Համաժողովի բացմանը ներկա էին նաև ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների Կոնգրեսի նախագահ Հերվինգ Վան Շտաան և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում կազմակերպվող այս համաժողովի Երևանում անցակացումը, մասնավորապես նշել է. «Համաժողովի թեման, իրոք, դիպուկ է ընտրված։ Չնայած Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի նստաշրջանների, հանձնաժողովների նիստերի շրջանակներում այս հարցերի շուրջ կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ, միևնույն է, մասնակցային ժողովրդավարության թեման ոչ միայն չի կորցրել իր արդիականությունը, այլև ավելի ու ավելի առանցքային է դարձել: Ընդ որում՝ կառավարման բոլոր մակարդակներում։
Մասնակցային ժողովրդավարությունը, համոզված եմ, լուրջ մարտահրավեր է ոչ միայն հետխորհրդային երկրների համար։ Հունաստանում, Իսպանիայում, Թուրքիայում և մի շարք այլ երկրներում վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձություններն ապացուցում են, որ քաղաքացիական հասարակությունը դարձել է ավելի զգայուն և իշխանություններից ակնկալում է առավել արդյունավետ կառավարում։
Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց կարծիքը հաշվի է առնվում։ Եվ, իմ խորին համոզմամբ, որոշումների կայացման հարցում քաղաքացիների մասնակցությունը պետք է դառնա ժամանակակից ժողովրդավարության ու կառավարման անբաժանելի բաղադրիչը։
Կարդացեք նաև
Զարգացած տեխնոլոգիաների մեր դարում, սրընթաց փոխվող աշխարհն ինքն է առաջադրում պահանջներ, որոնց ինչպես միջազգային ու ազգային, այնպես էլ տեղական մակարդակներում անհրաժեշտ է համարժեք արձագանքել: Եվ այս տեսանկյունից համացանցը, ժամանակակից նոր տեխնոլոգիաները, տեղեկատվական նոր միջոցներն ու աղբյուրները, նոր ու լայն հնարավորություններ են տալիս՝ մի կողմից քաղաքացիների կարծիքների ու սպասելիքների արտահայտման, մյուս կողմից հետադարձ կապի և որոշումների կայացմանը նրանց մասնակից դարձնելու համար ։
Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ նախաձեռնել և իրականացնում է քաղաքացիների ու քաղաքացիական հասարակության մասնակցության բազմազան ձևերի ներդրման, հասարակական ու մասնագիտական խորհուրդների կազմավորման գործընթացներ, որոնց մասով արդեն իսկ արձանագրում ենք որոշակի արդյունքներ:
Այս առումով համաժողովն, անկասկած, փոխադարձ օգտակար կլինի։ Վերոնշյալ գործընթացներում մենք հատկապես կարևորում ենք երիտասարդների ներգրավումը, նրանց մասնակցությունն ու նախաձեռնություններին աջակցելը։
Մենք հստակ գիտակցում ենք, որ այսպես կոչված «էլեկտրոնային ժողովրդավարությունը» շարունակում է փոխել մեր կենցաղը, կառավարման համակարգերը, նաև՝ մեզ ու մեր վարքագիծը։ Ուստի, ընդունելով ժամանակակից մարտահրավերները, զարգացնելով կառավարման մեր գործիքները և ավելի մոտ ու անմիջական կապի մեջ լինելով մեր քաղաքացիների հետ, նաև մեկս մյուսից սովորելով պետք է առաջ գնանք»։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հույս է հայտնել, որ համաժողովի շրջանակում կազմակերպվող քննարկումների արդյունքում մասնակիցների ու ներկաների ձևավորած միասնական տեսակետներն ուղենիշ կդառնան հետագա գործունեության համար։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն