Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանին կոչ են անում տեր կանգնել երդմանը

Հունիս 19,2013 13:20

ARABKIRԿոմիտաս 3 հասցեի բնակիչները անքուն գիշերներ են անցկացնում՝ պատուհանի տակ շուրջօրյա գործող կրպակների պատճառով

Իրենց ննջասենյակների լուսամուտների տակ գիշերային ժամերին աղմուկ-աղաղակներից հոգնած եւ քուն ու դադար կորցրած Կոմիտաս 3 շենքի բնակիչների քաղաքային եւ թաղային իշխանություններին գրած դիմումները բնակիչներ Ռաֆիկ Վիրաբյանն ու Միրա Մարգարյանը կիլոգրամներով են հաշվում: Բնակիչները 4-5 տարի է՝ պայքարում են գիշերային հերթափոխով աշխատող տաքսու վարորդների, կրպակների գինովցած հաճախորդների ու բոմժերի դեմ: Մեղավորներն, ըստ Ռ. Վիրաբյանի, գիշերն աշխատող կրպակներն են, որոնք գիշերային հաճախորդներին իրենց շուրջն են հավաքում: ՀՀ նախագահին, Երեւանի քաղաքապետին, ՀՀ ոստիկանությանն ուղղված նամակներից միայն ճանապարհային ոստիկանությունն է ըստ էության արձագանքել, որը, ուսումնասիրելով տարածքը, պարզել է, որ նշյալ հատվածի կանգառի սպասասրահի աջ եւ ձախ կողմերը զբաղեցված են սննդի ու մամուլի վաճառք իրականացնող կրպակներով, եւ մարդիկ, մայթի զբաղվածության պատճառով, տրանսպորտին ստիպված սպասում են երթեւեկելի գոտում: Ճանապարհային ոստիկանությունը նաեւ հայտնաբերել է, որ երթուղային տրանսպորտային միջոցներն էլ ուղեւոր իջեցնելու եւ նստեցնելու համար շատ հաճախ զբաղեցնում են երկրորդ երթեւեկելի գոտին՝ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները: Ճանապարհային ոստիկանությունը, հիմք ընդունելով այդ ամենը, Ռ. Վիրաբյանի ներկայացմամբ՝ դիմել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին՝ տվյալ տարածքը հնարավորինս ազատագրելու կրպակներից եւ այն համապատասխանեցնելու քաղաքաշինության նորմերին եւ պահանջներին: Բնակիչների հարցին ոչ միայն ընթացք չի տրվել, այլեւ նրանց լուսամուտների տակ գտնվող «բուտիկների» կողքին զովացուցիչ ջրերի սառնարաններ են հայտնվել, ինչի հետեւանքով հետիոտնին հատկացված մայթը նեղացել է:

«Զարմանալին այն է, որ մեր 3 տարիների բողոքներին ի պատասխան՝ գրել են, որ բուտիկների գույքագրումը դեռ չեն ավարտել, եւ առաջիկայում նման ծրագիր չկա դրանք քանդելու։ Անկարող են քանդել, որովհետեւ բացահայտ հովանավորում են, բուտիկները ավելի թանկ են իրենց համար, քան մարդկային կյանքը:

Երեկոյան ուշ ժամերի գաղտնի վաճառում են գարեջուր։ Վերջերս մեր բողոքներին լուծում տալու ցանկություն առաջացավ Արաբկիրի թաղապետարանի մոտ, որը ժամը 12-ից հետո դադարեցրեց սննդամթերքի բուտիկի գործունեությունը, սակայն սա չի կարելի համարել մեր սկզբունքային պահանջի պատասխան, բարի եղեք Դուք՝ պարոն քաղաքապետ, նախընտրական Ձեր խոստումների կատարումը ապահովել եւ գործի վերածել, ազատագրեք մայրաքաղաքի տրանսպորտի կանգառները բուտիկներից եւ համապատասխանեցրեք քաղաքաշինության նորմերին: Ոչ մի հանրապետության մայրաքաղաքում տրանսպորտի նման վիճակ չի տիրում, ինչպես մեզ մոտ է, այն գտնվում է անմխիթար քաոսային վիճակում։ Կարծում եմ՝ ցանկության դեպքում կարելի է կարճ ժամանակում շտկել վիճակը։ Մարդկանց հնարավորություն տվեք կանգնել ավտոկանգառում եւ ոչ թե փողոցում։ Հարգարժան պարոն Մարգարյան, երդմնակալության ժամանակ ամբիոնից երդվեցիք ծառայել Երեւանի բարգավաճմանր, գործել ի բարօրություն բնակիչների, ո՞վ է Ձեզ կաշկանդում մեր կողմից բարձրացված անօրինականությունը արմատախիլ անելու»։

Բնակիչները քաղաքապետին հորդորում են իրենց դիմումը չուղարկել Արաբկիրի վարչական շրջան, քանի որ, ըստ նրանց, այնտեղ իրենց բողոքները «քնում» են:

Ռաֆիկ Վիրաբյանի ներկայացմամբ՝ ինքը առողջական խնդիրներ ունեցող մարդ է եւ նրա պատուհանի տակ կազմակերպվող գիշերային «խրախճանքի» պատճառով ողջ գիշեր անքուն է մնում. «Պատուհանիս տակ ասիական շուկա է ու «ռազբորկաների» կենտրոն: Մեր բողոքներին ի պատասխան՝ թաղապետարանից ասում են՝ տնտեսվարողները խստորեն զգուշացվել են այսուհետեւ աշխատանքները շարունակել՝ պահպանելով առեւտրի իրականացման եւ սանիտարական պահանջները պատշաճ եւ բարեկարգ վիճակում»:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930