Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զորակոչիկների մեծ մասը առողջական խնդիրներ ունի

Հունիս 19,2013 13:15

ՀՔԱ Վանաձորի  գրասենյակի  ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  այսօր բանակ են զորակոչվում առողջական տարբեր խնդիրներ ունեցող տղաներ

ՀՀ զինված ուժերում ծառայել պատրաստվող զորակոչիկներն ու նրանց հարազատները իրազեկվածության ցածր աստիճան ունեն զորակոչի գործընթացի, զինծառայության ընթացքում մարդու իրավունքների, բողոքարկման մեխանիզմների եւ այլ ընթացակարգերի վերաբերյալ:

Զորակոչիկների շրջանում ցածր իրազեկվածությունն էլ  պատճառ է դառնում, որպեսզի թե զորակոչի եւ թե զինծառայության ընթացքում բազմաթիվ խախտումներ արձանագրվեն:

Այս եզրակացությանն է հանգել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը՝ զորակոչիկների իրավունքների հարցերով զբաղվելու ընթացքում:

«Խնդիր առաջացավ աշխատանք սկսել զուտ իրազեկվածության աստիճանի բարձրացման ուղղությամբ, հիմնականում իրավական խնդիրների առնչությամբ, սկիզբ դրվեց «Զորակոչիկների եւ զինծառայողների իրազեկումը եւ նրանց ներգրավումը իրենց իրավունքների պաշտպանության մեջ» ծրագիրը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում  է ծրագրի  եւ ՀՔԱ  Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը:

Այս տարվա ապրիլի 1-ից գործող ծրագրի շրջանակներում կազմակերպություն դիմած զորակոչիկների մեծամասնությունն առողջական խնդիրներ ունեն:

«Չնայած մինչ այս էլ դիմում էին տարբեր՝ փաստաթղթերի, տարկետման եւ ազատման իրավունքից օգտվելու հարցերով, սակայն ամենատարածված հարցը առողջական խնդիրներով զորակոչվելն է»,-ասում է Արմինե Սադիկյանը՝ մասնավորեցնելով, որ զորակոչիկներին մեծամասամբ պարտադիր կերպով չեն տրամադրվում առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան եզրակացություն՝ զորակոչիկին զրկելով այդ եզրակացությունը դատական կամ վերադաս կարգով բողոքարկելու իրավունքից:

«Սա արդեն խնդիր է: Ստացվում է, որ  մարդը, չնայած հիվանդ լինելուն,  հաշտվում է այն մտքի հետ, որ ինքը պիտի շարունակի ծառայել: Արդյունքում՝ առողջական վիճակը սրվում է», – ասում է Սադիկյանը:

Ծրագրի համակարգողը նկատում է, որ այսօր բանակ են զորակոչվում առողջական տարբեր խնդիրներ ունեցող տղաներ՝ թե ճարպակալմամբ, սրտանոթային հիվանդություններով տառապող, թե հոգեկան հիվանդություն ունեցողներ, թե տեսողության հետ կապված խնդիր ունեցողներ, սակայն, ըստ նրա, ամենաանհանգստացնողն այն է, երբ զորակոչիկն ունի մեկից ավելի խնդիր, սակայն դրանք առանձին են դիտարկվում.

«Ամենակարեւոր հարցը, սակայն, այն է, որ  զորակոչիկը կարող է ունենալ մի քանի խնդիր, իսկ պատկան մարմինները դրանք դիտարկում են առանձին-առանձին, համարում, որ  պիտանի է ծառայության, այն դեպքում, երբ հաշվի չի առնվում, որ մարդու մոտ առկա հիվանդությունները պետք է որպես համալիր դիտարկել, քանի որ մարդը մեկից ավելի հիվանդություն ունի, հետեւանքներն էլ ավելի ծանր կարող են լինել»:

Առողջական խնդիրներով տղաներին բանակ զորակոչելու պատճառների մեջ Արմինե Սադիկյանն առանձնացնում է բանակում զինծառայողների թվի նվազ լինելու հանգամանքը:

«Հիվանդություն ունեցողներին բանակ ուղակելու պատճառը զինված ուժերում ծառայողների թվի պակասն է, կամ, ինչպես բոլորս գիտենք, այն դեպքերում, երբ որեւէ պաշտոնյայի որդի չպիտի գնա բանակ, նրա փոխարեն ինչ-որ մեկը պիտի լինի բնականաբար, իսկ այդտեղ հայտնվում են սոցիալապես ոչ բավարար պայմաններում ապրող ընտանիքի երեխաները՝ նույնիսկ հիվանդությունների առկայությամբ: Հաշվի չի առնվում անգամ այն, որ հիվանդ երեխան չի կարող մարտունակ եւ առողջ բանակ ձեւավորել»,- եզրափակում է «Զորակոչիկների եւ զինծառայողների իրազեկումը եւ նրանց ներգրավումը իրենց իրավունքների պաշտպանության մեջ» ծրագրի համակարգողը:

Ծրագրի շրջանակներում զորակոչիկների համար հունիս ամսվա ընթացքում նախատեսվում է իրականացնել սեմինար-դասընթացներ Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան եւ Ալավերդի քաղաքներում:

 ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930