Վազգենի կարգավիճակի վրա
Հայաստանի վարչական դատարանում ավարտվեց փախստական Վազգեն Ղազարյանի հայցով դատական քննությունը: Վճռի հրապարակման օր է նշանակվել հունիսի 21-ը: Երկար ժամանակ պայքարելով իր իրավունքների վերականգնման համար՝ Վազգենն անհանգստությամբ սպասում է վճռի հրապարակմանը: Եթե դատարանը վճռով մերժեց նրա հայցը, որը Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության դեմ է, ապա նա Հայաստանում կմնա որպես քաղաքացիություն չունեցող անձ: 9 տարի ունենալով փախստականի անձնագիր՝ Վազգենն առանձնակի ոչ մի ձեռքբերում չի ունեցել, ոչ մի տեսակի օգնության ձեռք չի մեկնվել նրան: Դատարանում վիճարկվել էր նրա՝ փախստական լինելու եւ չլինելու հանգամանքը: Խնդիրն այն է, որ նրա հայրը քաղաքացիություն էր ձեռք բերել, իսկ դա տարիների ընթացքում ոչ մի անդրադարձ չի ունեցել: Միայն 2012 թվականին՝ ՄՊԾ-ի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ եւ արդյունքում դադարեցվել է նրա փախստականի կարգավիճակը: Դատական քննությանը ներկա էր ՄՊԾ-ից որպես ներկայացուցիչ, պատասխանող կողմ՝ Ռուզաննա Պետրոսյանը, հայցվոր Վազգենի՝ դատարանում որպես ներկայացուցիչ Աշխեն Եսայանը, իսկ դատական քննությունը նախագահում էր դատավոր Սամվել Հովակիմյանը: Աշխեն Եսայանը շեշտեց, որ Վազգենին տրված փախստականի վկայականը տրամադրվել է միայն ՄՊԾ-ի տված տեղեկանքի հիման վրա եւ ավելացրեց նաեւ, որ ծնողների քաղաքացիության ընդունման փաստը չի կարող հիմք լինել կարգավիճակի դադարեցման: Իսկ ՄՊԾ-ից՝ պատասխանող կողմ Ռուզաննա Պետրոսյանն ասաց. «Ոչինչ չունեմ ավելացնելու»:
Հիշեցնենք, որ «Առավոտն» անդրադարձել էր Վազգենի փախստականի կարգավիճակի դադարեցման խնդրին: Նրա հայրը 11.12.1995թ. ստացել է ՀՀ քաղաքացու AA0275495 սերիայի անձնագիր, որն էլ հիմք է հանդիսացել երկար տարիներ հետո տղայի փախստականի կարգավիճակը դադարեցնելուն: Նշենք նաեւ, որ Վազգենը միակողմանի ծնողազուրկ է, մայրը մահացել է: Այն պահին, երբ Վազգենը ձեռք էր բերել փախստականի վկայական, թերեւս փոփոխություններ ու լրացումներ չկային «Փախստականների մասին» ՀՀ օրենքում: Դա 2003 թվականն էր, երբ Վազգենը ձեռք բերեց փախստականի վկայական, իսկ դրանից հետո «Փախստականների մասին» ՀՀ օրենքը խմբագրվեց, որն էլ իր հերթին հետադարձ ուժ ունեցավ Վազգենի կարգավիճակի վրա:
Թե ինչ վճիռ կկայացնի դատավոր Սամվել Հովակիմյանը եւ թե ինչը կարող է լինել խանգարող հանգամանք, որպեսզի Վազգենի փաստացի փախստական լինելու հանգամանքը հերքվի նաեւ դատարանի կողմից՝ այդ մասին կանդրադառնանք վճռի հրապարակումից հետո: Եթե դատարանը մերժի Վազգենի հայցը, ապա նա դա կբողոքարկի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում:
Կարդացեք նաև
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ