Հայկական վոկալ դպրոցի սան Նարինե Եղիյանը՝ Բեռլինի օպերային թատրոնի բեմում
Դեռեւս 1742 թ. հիմնադրված Բեռլինի պետական օպերան՝ Berlin Staats Opera-ն, համաշխարհային հռչակ ունի ոչ միայն իր մեծանուն գլխավոր երաժշտական տնօրենի՝ Դանիել Բարենբոյմի շնորհիվ, որը նաեւ Միլանի Լա Սկալա օպերայի գլխավոր դիրիժորն ու երաժշտական ղեկավարն է, այլեւ՝ հրաշալի մենակատարների, նվագախմբի եւ երգչախմբի: Եվ այս օպերայում մենակատարների խմբի մեջ հայուհու անուն-ազգանուն տեսնելը հպարտության մեծ առիթ էր:
Առավել մեծ հպարտություն ապրեցի, երբ Նարինե Եղիյանին տեսա Բեռլինի պետական օպերայի բեմում՝ արտաքին հրաշալի տվյալներով եւ շատ հյութեղ սոպրանոյով երիտասարդ հայուհին փայլում էր նաեւ իր կոմիկական շնորհքով՝ Մոցարտի «Կախարդական սրինգում» Պապագենայի դերում, եւ դրամատիկ խորը զգայականությամբ՝ շվեյցարացի կոմպոզիտոր Ֆրանկ Մարթինի «Le vin herbe» կամերային օրատորիայում:
Նարինեն Հայաստանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է: Ինչպես կոնսերվատորիայի շատ ուսանողներ, ուսման ընթացքում մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների: «2009 թվականին մասնակցեցի Գերմանիայի Գյութերսլոու քաղաքում կայացած «Նոր ձայներ» միջազգային մրցույթին եւ հրավեր ստացա սովորել Բեռլինի շտատս օպերայի միջազգային օպերային ստուդիայում՝ Լիզ Մունի մշակույթի եւ երաժշտության հիմնադրամի կրթաթոշակով: Այդ ընթացքում, որպես օպերային ստուդիայի սան՝ պիտի անպայման երգեի Շտատս օպերայի բեմում: Հնարավոր է, որ գաս եւ հավանություն չստանաս: Սակայն, երբ ես երգեցի գեղարվեստական ղեկավարի՝ Դանիել Բարենբոյմի համար, նա միանգամից վերցրեց աշխատանքի ու երգեցի նրա ղեկավարությամբ առաջին անգամ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում, Բարբարինայի դերերգը: Բացի իմ ուսումնառությունը, ես ունեմ նաեւ աշխատանքային պայմանագիր Շտատս օպերայի հետ, որն արդեն լրանում էր եւ կրկին երկարացվեց»,- իր՝ Բեռլինի պետական օպերայի մենակատարների կազմում հայտնվելու պատմությունը ներկայացրեց Նարինեն:
Կարդացեք նաև
Նարինեի խոսքերով՝ Բեռլինի պետական օպերայի տնօրենը՝ Յուրգեն Ֆլիմը, փորձում է ավելի հաճախ հնչեցնել նոր, քիչ ճանաչված կոմպոզիտորների երկեր կամ ճանաչվածների քիչ հայտնի գործեր: Դրանցից էր հենց Ֆրենկ Մարթինի «Le vin herbe» գործը, որը կհնչի նաեւ մյուս սեզոնի ընթացքում. «Այս տարի Վագների 200-ամյակի հետ կապված մեր բեմում ավելի շատ Վագներ հնչեց, եւ հուսով եմ, որ ես էլ այս տարի կերգեմ իմ առաջին Վագներյան օպերան: 2013-ին արժանացել եմ Վագներյան կրթաթոշակի եւ հրավիրված եմ Բայրեութի Վագներյան հայտնի փառատոնին: Մյուս տարի երգելու եմ Մաշայի դերերգը Շոստակովիչի «Մոսկվա: Չերյոմուշկի» օպերայում, նաեւ Rappresentatione di anima et di corpo-ն, որի պրեմիերան եղավ 2012-ին՝ Ռենե Յակոբսի ղեկավարությամբ, կրկնելու ենք Ֆրանկ Մարթինի օրատորիան, մանկական «Մոխրոտիկ» օպերայում հանդես եմ գալու Մոխրոտի դերում, կկայանա գերմանացի ժամանակակից կոմպոզիտոր Էռնստ Կրենեկի «Vertrauenssache» կամերային օպերայի պրեմիերան, որում ես հանդես կգամ Գլորիայի դերերգով, կերգեմ Բելինդայի դերերգը Հենրի Պյորսելի «Դիդոնե եւ Էնեաս» օպերայում եւ այլն»:
Այս պայմաններում, բնականաբար, աշխատանքային ծանրաբեռնվածությունը շատ մեծ է. «Երբ պրեմիերայի ենք պատրաստվում, օրվա մեջ 8-10 ժամ փորձում ենք: Համերգաշրջանի ընթացքում ունենում ենք 15 պրեմիերա եւ 15 ավանդական ներկայացում: Ամեն երգիչ ունենում է ավելի քան 30 բեմել՝ մեկ սեզոնի ընթացքում, 30 թիվը գերազանցելու դեպքում ստանում է հոնորար յուրաքանչյուր ներկայացման համար»:
Ճիշտ է, ավանդաբար եկած ներկայացումները՝ Մոցարտ, Վերդի, Վագներ, միշտ ավելի շատ հանդիսատես են ապահովում, սակայն Բեռլինի պետական օպերան շարունակում է ավելի ու ավելի հաճախ դրանց կողքին բեմադրել նաեւ նոր կամ մոդեռնացված ներկայացումներ: Այս առումով Նարինեից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի Երեւանում Սերժ Ավեդիքյանի «Անուշի» բեմադրությունից հետո առաջացած աղմուկի մասին: «Ինձ համար ցավալի է լսել, որ այդ կարգի արձագանքներ են բարձրանում հին գործերի նոր ինտերպրետացիների համար, ամբողջ արտասահմանն է հիմա նման փորձեր անում: Ավանդական օպերաները հիմա փորձում են ավելի ժամանակակից բեմադրություններով մատուցել: Չի կարելի այդպիսի սուր քննադատության արժանացնել այն ամենը, ինչը ձեր մշտական տեսածից, սովորածից այլ է: Բոլորը չեն կարող նույն թունելային հայացքով դիտել, միայն սեւ ու սպիտակ չի կարելի տեսնել, շատ գույներ կան, եւ պետք է դուրս գալ այդ թունելից, այդ կաղապարներից, նորովի նայել ամեն ինչին: Եթե այդ նորամուծությունը վատն է՝ կարճ կյանք կունենա, եթե լավն է՝ մնայուն կլինի: Ճիշտ է, երբեմն լինում է, որ ծայրահեղություն են բեմադրում, ծայրահեղական է ռեժիսորի միտքը: Հիմա շատերն են ուզում «էքշըն» մտցնել, որ հանդիսատեսը ներգրավված լինի, որպեսզի ոչ մի հանդիսատես դահլիճում չքնի (ծիծաղում է)»,- ասաց նա:
Նարինեն պատմում է, որ Բեռլինի օպերայում աշխատանքը հրաշալի հնարավորություն է տալիս նաեւ տարբեր համագործակցությունների համար. «Այստեղ մենք աշխատում ենք բազմաթիվ հրավիրված դիրիժորների հետ, եւ հետո, երբ նրանք զգում են, որ այս կամ այն երգչի հետ աշխատելու ցանկություն կա, հրավերներ են լինում՝ համերգների, համերգային ներկայացումների եւ այլն: Այդպես ես հրավեր ստացա աշխարհահռչակ դիրիժոր Ռենե Յակոբսից եւ Փարիզի «Սիտե դե լյա Մյուզիք» սրահում մի չպլանավորված ներկայացման մասնակցեցի, եւ այնքան մեծ ակնկալիքներ կային այդ ներկայացումից, որ ոչ մի տոմս չէր մնացել: Դա աշխարհում առաջին օրատորիա–օպերան համարվող Էմիլիո դե Կավալյերիի Rappresentatione di anima et di corpo-ն էր: Սկզբում ինձ համար նախատեսված էր մի փոքր դեր, բայց երբ փորձերը սկսվեցին, դիրիժորն ասաց, որ ես պետք է ավելի շատ երգեմ եւ ինձ տվեց նաեւ պահապան հրեշտակի՝ Angelo Custode-ի դերը, ու ստացվեց, որ մի ներկայացման մեջ երկու դեր երգեցի: Մյուս տարի գարնանը հենց Ռենե Յակոբսի հետ այս օրատորիա-օպերայի CD-ն կձայնագրենք եւ հուսով եմ իմ համագործակցությունը նրա հետ շարունակելի կլինի 2014-ին՝ համաշխարհային պրեմիերայով»:
Իսկ ո՞րն է իր ամենասիրած դերը՝ այս հարցին Նարինեն պատասխանում է. «Վստահ եմ, որ յուրաքանչյուր արտիստ կասի՝ յուրաքանչյուր դեր, որ խաղում ես, ապրում ես, ամեն դերը քո միջով ես անցկացնում: Մենք բեմադրեցինք Վիկտոր Ուլմանի Der Kaiser von Atlantis մեկ գործողությամբ օպերան, որը ինձ համար՝ եւ երաժշտությունը, եւ բեմադրությունը, եւ կերպարը, որ ներկայացնում էի, այնքան խորն էր, որ ես երկար ժամանակ երաժշտության մեջ էի, ապրում էի, սարսափելի երազներ էի տեսնում: Այդ գործը գրվել է համակենտրոնացման ճամբարում, հրեական ծագմամբ ավստրիացի կոմպոզիտորի կողմից, որը հետո Աուշվիցի համակենտրոնացման ճամբարում սպանվել է գազախցիկում: Պրեմիերան հունվարին էր, եւ ներկայացումը դեռ չբեմադրված, փորձերը դեռ չսկսված, տոմսեր արդեն գոյություն չունեին: Պլանավորված էր 7 ներկայացում, սակայն, քանի որ շատ հաջողված էր, մեկն էլ խաղացինք»:
Նարինեն ասում է, որ թեեւ գիտակցում է, որ Բեռլինի պետական օպերայում, ուր յուրաքանչյուր համերգաշրջանի համար հրավիրվում են աշխարհահռչակ ձայներ, ինքը դեռ որոշ ժամանակ գլխավոր դերեր չի երգի, սակայն վստահ է. «Ավելի լավ է ես ժամանակավորապես երկրորդ դերում լինեմ Պլաչիդիո Դոմինգոյի, Աննա Նետրեբկոյի, Ռոլանդո Վիլազոնի եւ այլոց հետ, որոնցից շատ ու շատ բաներ եմ սովորում, քան թե ինչ-որ մի երկրորդական թատրոնում գլխավոր մեներգչուհի լինեի ու չստանայի այն էներգետիկան, բեմական պահվածքի ու բեմական կուլտուրայի այն փորձը, որ ինձ տրվում է այստեղ: Այդ կարգի մեծությունների հետ նույն բեմում երգելը, նրանցից սովորելը հսկայական դեր ունի հետագա իմ կարիերայի համար»:
Նարինեն երգել է նաեւ Երեւանի օպերային թատրոնում. «Լիովին տարբերվում է այստեղի եւ Երեւանի օպերային թատրոնի երաժիշտների եւ կազմակերպիչների մտածելակերպը: Հայաստանում երաժիշտները չունեն մոտիվացիա, որն անհրաժեշտ է արվեստագետին, իսկ այստեղ ամեն օր, ամեն վայրկյան նոր բան ես սովորում: Յուրաքանչյուր նոր դիրիժոր իր շունչն է բերում, իր արտադրանքն է տալիս, եւ դու սովորելու շատ բան ունես: Այստեղ բոլոր երգիչները, դաշնակահարները, դիրիժորները խոսում են ամենաքիչը հինգ լեզվով, որից դու ոգեւորվում ես եւ պարտավորվում ես չտարբերվել: Ես Հայաստանում էլ էի իտալերեն, գերմաներեն երգում, ուղղակի անգիր էի անում, թարգմանում էի, որ հասկանամ եւ առանց լեզվին տիրապետելու երգում էի: Բայց լեզվին պետք է տիրապետել, որ կարողանաս ճիշտ ներկայացնել ստեղծագործությունը»:
Իսկ որեւէ խտրականության՝ ազգային հողի վրա, հանդիպե՞լ է այս տարիների ընթացքում: Նարինեն վստահաբար ասում է՝ «Ոչ: Երբ նոր էի ընդունվել Շտատս օպերա, մի փոքր խորթություն կար այն առումով, որ ես սովոր էի միշտ գեղեցիկ հագնված, խնամված գնալ աշխատանքի, իսկ բոլորն այստեղ գալիս էին շատ հասարակ հագնված, որպեսզի հագուստը չխանգարի, եւ բնականաբար, մի փոքր օտարություն էի զգում: Բայց հետո ոչ թե ես փոխվեցի, այլ իմ ընկերները մի քիչ փոխվեցին (ծիծաղում է): Իսկ աշխատանքային առումով բացարձակապես նշանակություն չունի, թե դու որտեղից ես: Անգամ հակառակը, վստահ եմ, որ մյուս հայ կոլեգաներս էլ, ովքեր դրսում են երգում, կհաստատեն, որ մենք շուտ ենք ինտեգրվում եւ շատ մեծ հարգանքի ու սիրո ենք արժանանում, եւ աշխատասիրության, պատրաստվածության համար բացի լավ ու ջերմ խոսքերից, գովասանքներից՝ դեռեւս ոչինչ չեմ լսել, ոչ մի պատի չեմ հանդիպել»: Այսինքն, այն ներքին ինտրիգները, որոնց մասին հաճախ լսում ենք, թե շատ են թատրոնների կուլիսներից այն կողմ, ձեզ վրա չի՞ անդրադառնում՝ այս հարցին Նարինեն պատասխանեց. «Ճիշտն ասած՝ Հայաստանում ես շատ կարճ ժամանակահատված եմ մեր օպերային թատրոնում կացություն ունեցել, բայց ավելի շատ ինտրիգներ եմ տեսել, քան այստեղ: Մարդիկ այնքան զբաղված են այստեղ, բեմադրությունները այնքան իդեալական վիճակում պետք է լինեն, որ ոչ մի նման բանի ժամանակ չի մնում»:
Նարինեն երախտագիտությամբ է հիշում իր ուսուցչին. «Իմ դասախոսը՝ Նելլի Փիրումովան, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, ես մինչ այսօր սերտ կապի մեջ եմ նրա հետ եւ հետեւում եմ նրա խորհուրդներին: Ն. Փիրումովան եղել է Տաթեւիկ Սազանդարյանի սանը, եւ նա ինձ է փոխանցել Սազանդարյանի եւ իր դպրոցի սինթեզը: Եվ այո, պետք է նշեմ, որ հայկական վոկալ դպրոցը մեծ հարգանքի է արժանանում ամենուր: Մեր հայկական վոկալ դպրոցի սաները միայն լավ գնահատականի են արժանանում դրսում, իհարկե, գումարած յուրաքանչյուր դասախոսի եւ հենց երգչի յուրովի մոտեցումը, աշխատանքը, նպատակասլացությունը, ձայնը, գույները…»:
Նարինեն Բեռլինում է ապրում ամուսնու եւ յոթնամյա դստեր՝ Իննայի հետ, որը շատ դժվար է տարել մորից վեցամսյա բաժանումը, մինչեւ կարողացել է հայրիկի հետ մեկնել Բեռլին. «Իրարից հեռու լինելու բացը լրացնելու համար հիմա Իննան այստեղ՝ Շտատս օպերայի մանկական երգչախմբում է երգում: Մասնակցեց նախնական լսումներին, հետո երեք ամիս պայմանական ընդունվեց, որից հետո պայմանագիր կնքեցին նրա հետ, եւ հիմա նա արդեն իր գրպանի գումարը վաստակում է»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Բեռլին-Երեւան
«Առավոտ» օրաթերթ