Դիմում՝ ՀՀ ԿԳ նախարար պարոն Արմեն Աշոտյանին
Հարգելի պարոն նախարար, 2008թ. գերազանցությամբ ավարտելով ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2010 թ. նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ ֆակուլտետի ղեկավարությունից առաջարկ եմ ստացել ուսումը շարունակել հայ գրականության ամբիոնի ասպիրանտուրայում: Բարեխղճորեն կատարել եմ ասպիրանտական պլանով նախատեսված ծրագիրը, ինչի համար ժամանակին ատեստավորվել եմ, սակայն թարգմանաբանությանը առնչվող ատենախոսության հետազոտական մասը մշտապես առիթ էր տալիս գիտական ղեկավար՝ պրոֆեսոր Մ. Ջանփոլադյանի հետ մասնագիտական անհամաձայնությանը եւ, պրոֆ. Մ. Ջանփոլադյանի կարծիքով, խիստ հարցականի տակ էր դնում «Հայ դասական գրականություն» մասնագիտությունից իմ պաշտպանության հարցը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ԵՊԼՀ-ում դասախոս աշխատելու փաստը, ինչպես նաեւ լեզվաբանություն մասնագիտությամբ մագիստրոսական թեզի ընդլայման հիմնավոր հեռանկարը՝ հայցորդ եմ ձեւակերպվել ԵՊԼՀ-ի ռուս եւ սլավոնական լեզվաբանության ամբիոնում՝ շարունակելով աշխատանքը իմ ավարտական աշխատանքի եւ մագիստրոսական թեզի ղեկավար, ԵՊԼՀ-ի ռուս եւ սլավոնական լեզվաբանության ամբիոնի դոցենտ Գ. Մարկոսյանի ղեկավարությամբ: 2012թ. դեկտեմբերի 5-ին պաշտպանել եմ ատենախոսությունը Ժ.02.04 «Սլավոնական լեզուներ» մասնագիտական խորհրդում: Մասնագիտական խորհրդի կողմից ինձ շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Պաշտպանությունից հետո սահմանված ժամկետում փաստաթղթերի ողջ փաթեթը հանձնել եմ ԲՈՀ: Դրան հաջորդեցին անբարոյականության մեջ կոշտ մեղադրանքները ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետի եւ հայ գրականության ամբիոնի ղեկավարության կողմից, որոնք էլ, ամենայն հավանականությամբ, առիթ դարձան իմ աշխատանքը ԲՈՀ-ի կողմից «տառ առ տառ» քննության առնելու համար: Ամենայն հավանականությամբ հենց դա էր ԲՈՀ-ի կողմից որոշման կայացման անընդմեջ հետաձգման եւ բազմաթիվ հարցումներին անորոշ պատասխանների առիթը, քննությունը տեւում է 6 ամսից ավելի: Խնդրում եմ աջակցել ինձ ԲՈՀ-ի կողմից որեւէ հիմնավոր որոշում ստանալու գործում, քանի որ, որպես ՀՀ քաղաքացի, ես իրավունք ունեմ պետական մարմիններից ողջամիտ ժամանակահատվածում ակնկալել որեւէ որոշում:
ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆ
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռուս եւ սլավոնական լեզվաբանության ամբիոնի դասախոս
Կարդացեք նաև
Խմբագրությունը ԲՈՀ-ի վերաբերյալ նմանօրինակ բովանդակությամբ այլ դժգոհություններ էլ է ստացել:
«Առավոտ» օրաթերթ