Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ համակարգային լուծումը

Հունիս 19,2013 12:50

Քանի որ սկսվել է մթերման սեզոնը, այն, ինչ տեղի է ունեցել այսօր առավոտյան Արարատի մարզում, կրկնվելու է այս ամռան եւ աշնան ընթացքում: Գյուղացիները դուրս էին եկել մայրուղի եւ պահանջում էին, որ իրենց ծիրանը մթերվի ոչ թե 400, այլ 500  դրամով: Գյուղատնտեսության նախարարն էլ խոստացավ, որ այդպես էլ կլինի: Այսինքն՝ պետական պաշտոնյան հանձն առավ, որ գնորդին ստիպելու է ապրանքն առնել վաճառողին հարմար գնով: Ընդ որում, թե վաճառողը եւ թե գնորդը մասնավոր անձինք են եւ կազմակերպություններ: Պետությունը, հետեւաբար, լծակներ ունի տնտեսվարող սուբյեկտներին ուղղորդելու գնել կամ վաճառել ապրանքը այս կամ այն գնով՝ խնդրելով, պահանջելով, սպառնալով, էլ չգիտեմ, թե ինչպես:

Իսկ ինչու ոչ՝ 1000 դրամով կամ 1000 դոլարով: Եթե գնագոյացումը մեզ մոտ կամայական է եւ կախված է պետական պաշտոնյայի կամքից, ապա կարելի է հայտարարել ցանկացած գին: Պարզապես այդ դեպքում ես կամ արտասահմանցի սպառողը ի վիճակի չենք լինի գնել այդ մթերողի պատրաստած չիրը կամ ջեմը: Մեզ հո ոչ ոք չի՞ ստիպի բարձր գնով գնել: Եվ այդ դեպքում տեսականորեն բացառված չէ, որ մթերողները ցույց անեն եւ պահանջեն, որ գյուղնախարարը ստիպի գյուղացիներին իրենց ծիրանը վաճառել 300 դրամով:

Ի դեպ, վերջերս նույնատիպ ցույցեր էին անում Շիրակի մարզի գյուղացիները: Նրանք բողոքում էին, որ մթերողներն իջեցրել են կաթի ընդունման գները: Բայց սպասեք… Խանութներում կաթնամթերքը թանկացել է: Ուրեմն գյուղացիների կաթն էժանանում է, իսկ սուպերմարկետներում՝ թանկանում: Հետեւաբար խնդիրն այլ տեղ է: Եվ ես ենթադրում եմ, թե որտեղ:

Մակերեսային հայացքից կարելի է ենթադրել, որ պետությունը «տեր չի կանգնում» գյուղացիներին, եւ եթե նրանց փող բաժանի կամ ստիպի մթերողներին նրանց ապրանքը թանկ գներով գնել, իսկ բանկերին պարտադրի՝ իջեցնել վարկավորման տոկոսները, ապա ամեն ինչ կկարգավորվի: Բայց այդպես մենք ավելի խորը կմխրճվենք ճահճի մեջ: Խնդիրը ոչ թե շուկայական հարաբերություններն են եւ պետական կարգավորման պակասը, այլ ճիշտ հակառակը՝ այդ հարաբերությունների բացակայությունը:

Նախարարը հնարավորություն ունի ստիպելու մթերողներին, որ նրանք բարձրացնեն գինը հենց այն պատճառով, որ այդ կազմակերպությունները մասնավոր են միայն անունով, այնինչ իրականում դրանք, ըստ էության, ենթարկվում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետեւ հենց վերջիններիս կողմից էլ ստեղծված են եւ պատկանում են: Եվ հենց այդ պատճառով դրանք կամայական, ոչ շուկայական գներ են նշանակում, քանի որ գործում են ոչ մրցակցային միջավայրում:

Այս կամ այն տեղում դրամական ներարկումներ անելը, վաճառողի եւ գնորդի հարաբերություններին միջամտելը կարող է տալ միայն ժամանակավոր արդյունք: Դա այստեղ կամ այնտեղ հրդեհը հանգցնելու նման մի բան է: Բայց հրդեհները՝ ոչ միայն գյուղատնտեսության ոլորտում, էլի են բռնկվելու, ավելի հաճախ եւ ավելի համատարած:

Այնքան ժամանակ, մինչեւ խնդրին չտրվի մոդայիկ լեզվով ասված՝ «համակարգային» լուծում: Իսկ այդ լուծումը շատ պարզ է. տարանջատել պետական ծառայությունը բիզնեսից, վերացնել մենաշնորհները: Պարզ է՝ թղթի վրա, բարդ է իրականության մեջ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Այս մեր «քցող,բռնող» վարչարարների գործունեթյան արդյունքում է ,որ մեզ մոտ՝բառացիօրեն բացակայում է ՝ՇՈՒԿԱՅԱԿԱՆ տնտեսուէյուն հասկացողությունը, դա նրանց համար լոկ բառեր էն,որ հաճախ օկտագործում էն՝չմտածելով ,մեկ-մեկ էլ հետեւեն իմաստին, կամ բովանդակությանը։ Օրինակ՝- տարբեր սուպերմարկետներում նույն կաթնամթերքը,տարբեր անվանումների տակ, վաճառվում էն նույն գնով,՝այսինքը ,դա մեկ մարդու ցանկությամբ է գնահատվում, կամ այս ամենը հսկվում է մեկ սեփականատիրոջ կողմից….։Մի խոսքով՝ ,պետության հետ իրար, ձեռք-ձեռքի «բռնաց», «քցում» էն ժողովրդին ու երկիրը։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930