Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Վարդեւանյան. «Դեպի կոոպերացիա: Այլ ճանապարհ չկա»

Հունիս 19,2013 12:32

Աշխարհում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են ընդամենը 1,5 մլրդ հեկտար եւ այդ տարածքների մոտավորապես 70%-ը ենթակա է անապատացման, եւ դրա 30%-ը անապատացվել է: Կլիմայի փոփոխությունը եւ մարդկային գործոնը բերում են նրան, որ հողերը անապատացվում, դեգրադացվում են, բերրիությունն  ընկնում է: Հայաստանի տարածքում էլ հողերի 81%-ը անապատացման ենթակա է, սակայն միայն 25%-ն է, որ անապատացման երեւույթների վտանգի տակ է:Այս մասին այսօր «Ուրբաթ« ակումբում հայտարարեց ՄԱԿ-ի` անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդեւանյանը:

Խոսելով Հայաստանում անապատացման վտանգների մասին՝ պարոն Վարդեւանյանը նկատեց, որ բացի չորայնությունից՝ այս մարզերի հինգ շրջաններ նաեւ աղակալման վտանգի տակ են:  Այս տարածքներում հողերի 50 հազար հեկտարը աղազուրկ է, իսկ 30 հազար հեկտարը երկրորդային աղակալված են: Դրանց դեմ պայքարելու փորձված ճանապարհներից է դրենաժային համակարգերի կառուցումը: Ըստ պարոն Վարդեւանյանի՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով եւ բազմաթիվ այլ ծրագրերով մաքրվել են դրենաժները: «Ասել, որ ոչինչ չի արվում անապատացման դեմ՝ կոռեկտ չի, ջրային համակարգերը վերանորոգվում են, ջրամբարերը վերանորոգվում են, մայր ջրատարերն են նորոգվում, արոտավայրերն են նորացվում:  Վերջին տարիների ընթացում այս 30 հազարից  18 հազար հեկտարի վրա բնական արոտների հետ կապված 12 կմ ջրարբիացման համակարգ է վերականգնվել, 1300 հա դրենաժային համակարգեր են նորոգվել ման, 260 կմ ջրագիծ է վերականգնվել եւ այլն»:

Ըստ պարոն Վարդեւանյանի՝ նույն Արարատյան հարթավայրում մոտ 5000 հա աղուտ-ալկալային հողեր ունենք, ինչը նշանակում է, որ այդ հողերի հիմնային բաղադրությամբ են հարուստ եւ թթվային զանգվածը քիչ է: Խորհրդային ժամանակներում հիմնայնացման դեմ պայքարելու համար այդ հողերը լվանում էին ծծմբաթթվային լուծույթով, սակայն դա նույնպես անվտանգ չէր. «Ասել, այդ 5000 հեկտար աղուտ-ալկալի հողերը չեն օգտագործվում՝ կոռեկտ չի, այդ հողերում կենդանիներ են ապրում, բույսեր կան, չի կարելի էկոհամակարգը վերացնել»:

Որո՞նք են անապատացման պատճառները՝ բացի բնակլիմայականից, «Առավոտի» այս հարցին ի պատասխան պարոն Վարդեւանյանը պատասխանեց. «Անապատացման առաջացմանը նպաստում են անտառհատումները, ոչ ճիշտ գյուղատնտեսության իրականացումը եւ գերարածեցումը: Գերարածաեցում տեղի է ունենում համայնքներին մոտ գտնվող տարածքներում, հեռավոր արոտավայրերում այդ վտանգը չկա»: Ի՞նչ նկատի ունի ոչ ճիշտ գյուղատնտեսության իրականացում ասելով՝ մեր ճշտող հարցին ի պատասխան էլ պարոն Վարդեւանյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերվում է ոռոգմանը, վարուցանքին, մշակաբույսերի ընտրությանը եւ այլն: Որպես առավել կարեւոր խնդիր՝ նա նշեց մանր հողակտորների հարցը՝ «մեր գյուղատնտեսական տարածքները նորմայից շատ-շատ փոքր են»: Փոքր հողատարածքի դեպքում, Ա.Վարդեւանյանի պարզաբանմամբ, հողակտորը չի հասցնում հանգստանալ, անընդհատ մշակվում է, եւ բնականաբար դա ազդում է հողի որակի վրա: Ըստ պարոն Վարդեւանյանի՝ պետք է գնալ կոոպերացիայի ճանապարհով՝ այլընտրանք չկա, միայն այդ դեպքում հնարավոր կլինի հողատարածքների վրա ցանքաշրջանառություն անել՝ մի տարի մի մշակաբույս ցանել, հաջորդ տարի՝ մեկ այլ, երրորդ տարին՝ լրիվ այլ, եւ չորրորդ տարին թողնել, որ հողը հանգստանա, ասենք՝ առվույտ ցանել՝ հողը ազոտով հարստացնելու համար: Սակայն, երբ յուրաքանչյուր գյուղացի ունի փոքր հողակտոր՝ իրեն նման շռայլություն չի կարող թույլ տալ: «Միակ տարբերակը կոոպերացիաներն են: Եվ պետությունն էլ կարող է դրան նպաստելու համար քաղաքականություն վարի՝ վարկերի եւ հարկերի միջոցով ուղղորդի գյուղացիներին՝ գնալու կոոպերացիայի»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930