Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աքվիլա, Մուսկոկա, Դովիլ, Էնիսկիլեն… եւ այսպես շարունակ

Հունիս 19,2013 12:22

Երեկ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի պատմության էջերը աշխարհագրորեն հարստացան եւս մեկ քաղաքի անվանմամբ: Հյուսիսային Իռլանդիայի Էնիսկիլեն քաղաքում Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների նախագահները հանդես կան ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերահաստատեցին իրենց աջակցությունը ԼՂ հակամարտության կողմերին հարատեւ եւ խաղաղ կարգավորմանն ուղղված լուծում գտնելու հարցում` միաժամանակ նշելով. «Մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում այն կապակցությամբ, որ բանակցային գործընթացի ընթացքում կողմերը, փոխադարձ շահերի վրա հիմնված լուծում փնտրելու փոխարեն, շարունակել են միակողմանի առավելություններ կորզելու փորձերը: Մենք վստահ ենք, որ վերջին չորս տարիների ընթացքում մեր երկրների համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները պետք է ԼՂ հակամարտության արդար եւ տեւական կարգավորման հիմք դառնան: Այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, քանի որ դրանցից որեւէ մեկին առավելություն տալու փորձը կբացառի հավասարակշիռ լուծում գտնելու հնարավորությունը»:

Երեք նախագահները ընդգծել են, որ ռազմական ուժի կիրառումը չի հանգուցալուծի հիմնախնդիրը. «Ռազմական գործողությունների վերսկսումը աղետալի հետեւանքներ կունենա տարածաշրջանի համար եւ կհանգեցնի մարդկային զոհերի, ավերածությունների, փախստականների թվի աճի, հսկայական ֆինանսական ծախսերի: Մենք վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերի ղեկավարներին կրկին անգամ վերահաստատել իրենց հավատարմությունը հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես` ուժի չկիրառում եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն, իրավահավասարություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Մենք նաեւ կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի քայլերից եւ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել հակամարտության սրացման»:

Նախագահները հավելել են նաեւ, որ պատրաստ են կողմերին աջակցություն ցուցաբերել, սակայն՝ հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունը նրանցն է. «Մենք խորապես համոզված ենք, որ խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ հավասարակշիռ համաձայնության հասնելու հարցում հետագա ձգձգումն անընդունելի է, եւ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ ենք անում նոր եռանդով կենտրոնանալ դեռեւս չհանգուցալուծված խնդիրների վրա»:

Նշյալ հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը արձագանքելով դրան՝ ընդգծեց, որ չնայած սադրիչ հռետորաբանությունից եւ գործողություններից զերծ մնալու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ «Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը եւ սադրանքներն Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին, մարդասպանների հերոսացումն ու խաղաղության կոչ անողների հետապնդումները, այլատյացության, անհանդուրժողականության եւ թշնամանքի քարոզչությունը, ինչը հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի սրմանը եւ լարվածության աճին»։ Նա հավելեց նաեւ. «Էնիսկիլենում համանախագահ երկրների ղեկավարների ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունը կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացում առաջընթացի համար, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ ընկալի եռանախագահ երկրների կողմից արված շեշտադրումները»:

ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահող երեք նախագահների հայտարարությունում որեւէ նոր շեշտադրում իսկապես չկա, այն հերթական համատեղ հայտարարություն է, որոնք արվել են նաեւ նախկինում, աշխարհի տարբեր քաղաքներում տեղի ունեցող գագաթնաժողովների ընթացքում: Ինչ խոսք, աշխարհաքաղաքական այլ խնդիրների շուրջ Էնիսկիլենում առաջատար պետությունների ղեկավարների տարաձայնությունների եւ նույնիսկ կոշտ հայտարարությունների պայմաններում երեք պետությունների կողմից համերաշխությունը ԼՂ հարցում դրական երեւույթ է:

Սակայն պարզ է, որ Էնիսկիլենի հայտարարությունն առավելապես մեկ խնդիր լուծեց. վերջին գրեթե մեկ տարում ԼՂ բանակցային գործընթացի սառեցված վիճակին փոքր-ինչ կենդանություն հաղորդեց եւ հավանաբար այդ հայտարարությունը հիմք կհանդիսանա, որպես միջնորդները մոտ ապագայում կազմակերպեն Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպում:

ԼՂ բանակցային ներկա գործընթացի հիմքը՝ 2007թ. նոյեմբերի Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակն էր՝ Հիմնարար սկզբունքների նոր շարադրանքը, որով միջնորդները հորդորեցին կողմերին լուծել սակավաթիվ տարաձայնությունները եւ ավարտական տեսքի բերել այդ Հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնությունը, ինչն էլ կուրվագծի համապարփակ կարգավորումը:

2009թ. հոկտեմբերին Մադրիդյան վեց սկզբունքները բացահայտվեցին: Այդ սկզբունքները ենթադրում են՝ ԼՂ-ի հարակից տարածքների վերադարձը Ադրբեջանին, անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ եւ միջանկյալ կարգավիճակ ԼՂ-ին, Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ ցամաքային կապ, տեղահանվածների եւ փախստականների՝ իրենց բնակավայրեր վերադառնալու իրավունք, ԼՂ-ի վերջնական կարգավիճակի լուծում՝ «իրավական առումով պարտադիր ուժ ունեցող կամքի արտահայտության միջոցով»:

Քանի դեռ այս սկզբունքները, ինչպես նախագահներն են երեկ նշել՝ չեն դիտարկվում «որպես մեկ ամբողջություն», մնացած ամեն ինչ իսկապես հերթական է, նույնիսկ՝ արարողակարգային: Ադրբեջանի նախագահն այս տարիների ընթացքում իր հասարակությանը պատրաստել է առավելապես պատերազմի, քան խաղաղության, եւ բանակցային գործընթացում Բաքվի քմահաճույքների ու ապակառուցողական դիրքորոշման նկատմամբ հայկական կողմը արդեն ժամանակն է, որպեսզի ընդգծի իր առավելությունները ոչ միայն այդ մասին անվերջ կրկնելով, այլ շահագրգիռ երկրների դիրքորոշումների վրա ազդելու ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ տանելով:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930