«Ես տեղյակ չեմ, եղբայրս էլ տեղյակ չէ: Իրեն պաշտոնապես ոչ ոք ոչինչ չի տեղեկացրել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Այդ պատճառով էլ պարոն Ավետիսյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել կամ այլ հարցերի պատասխանել`«պաշտոնապես ոչինչ ասված չէ»:
Հիշեցնենք, որ Aravot.am-ի տեղեկություններով, երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ու Գյումրու ոստիկանությունում: Քաղաքի տարբեր թաղերում տեղակայված ոստիկանական բաժանմունքները վերացել են` օպտիմալացվելով երկու բաժնում, որոնք գտնվում են Գյումրու ոստիկանության նորակառույց եւ կայարան թաղամասի ոստիկանության բաժանմունքի շենքերում: Արդյունքում վերացել է 18 հաստիք, քրեական եւ տարբեր ծառայությունների բաժանմունքի պետերի հաստիքներ: Որոշակի կրճատումներ են եղել նաեւ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, մասնավորապես կրճատել են ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծառայության գծով երկու տեղակալներին` Համլետ Կիրակոսյանը եւ Հարություն Ավետիսյանին, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրն է: Վերացրել են նաեւ վարչության հերթապահ սպաների հաստիքները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ