Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահ. «ՎՊ-ին զսպաշապիկ հագցնելու մասին խոսք լինել չի կարող»

Հունիս 19,2013 11:47

Հատված ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հարցազրույցից:

 -Կարո՞ղ ենք վստահ լինել, որ փորձ չի արվի զսպաշապիկ հագցնել Վերահսկիչ պալատին ու իր ղեկավարին։ 
-ՎՊ գործունեությունը լիովին համահունչ է Հանրապետականի եւ հանրապետության նախագահի բազմիցս բարձրաձայնած մոտեցումներին, այնպես որ ՎՊ-ին զսպաշապիկ հագցնելու մասին խոսք լինել չի կարող։
Խնդիրը բոլորովին այլ հարթության վրա է. քննարկումների ընթացքում կարմիր թելի նման անցնում է մի կարեւոր միտք՝ իսկ ո՞րն է ՎՊ-ի հիմնական առաքելությունը։ Եթե Հայաստանում կա 16 ստուգող կազմակերպություն, ու դրան ավելացնում ենք 17-րդը՝ «ալամ-աշխարհի» ստուգող կազմակերպությունը հնարավորինս լայն իրավասություններով, ապա դա կարող է արդարացված լինել մի դեպքում՝ եթե այդ կազմակերպությունը հետապնդում է որակապես այլ նպատակ։ Այն է՝ նպաստել պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։
Եթե մեր խնդիրը միայն հերթական ստուգող կազմակերպություն ստեղծելը լիներ, կարող էինք բացել եւս մեկ դատախազություն կամ հարկային մարմին։ ՎՊ-ն շատ ավելի մեծ եւ կարեւոր առաքելություն ունի՝ ոչ միայն փաստել խախտումները, այլեւ վեր հանել չարաշահումները ծնող պատճառները, վերլուծել եւ առաջարկել լուծումներ՝ ինչպես զերծ պահել կառավարման ողջ պրոցեսը համակարգային բնույթի արատներից։
Այսինքն՝ պայքարել ոչ թե մեկ կոնկրետ հանցագործության դեմ, այլ ստեղծել երաշխիքներ, որ այդ համակարգային բնույթի արատները վերանան հիմնավորապես: Այդ առումով, կարծում եմ, ՎՊ-ի մասին օրենքում պետք է հստակ սահմանված լինեն ոչ միայն նրա գործառույթները եւ իրավասությունները, այլեւ ՎՊ գործունեության նպատակը:
Կառավարության ներկայացուցիչը կտրականապես հերքում է «համակարգային չարաշահումների» վարկածը՝ ասելով, որ խախտումները հատվածական բնույթ են ունեցել։ Գործադիրի հիմնավորումները ձեզ բավարարո՞ւմ են։
-Բնականաբար չարաշահումներ եղել են։ Որեւէ երկիր չի կարող պարծենալ, թե ընդհանրապես արմատախիլ է արել կոռուպցիան որպես երեւույթ։ Այս տեսակետից, անշուշտ, ցանկալի կլիներ, որ ՎՊ-ն գնահատական տար՝ ինչ դինամիկա ունենք կոռուպցիայի դեմ պայքարում, կոռուպցիայի չափերը, չարաշահումները տարեցտարի նվազո՞ւմ են, մեթոդները, որ օգտագործում ենք, արդյունավե՞տ են, թե՞ ոչ։
Կառավարությունն ասում է՝ կա լրջագույն առաջընթաց, կոռուպցիոն ռիսկերը կրճատվել են, փաստարկներ էլ է բերում՝ նշելով, որ վերջին 2-3 տարիներին օրենսդրական կարգավորումների ծավալը շատ ավելին է եղել, քան նախորդ 10-15 տարիների ընթացքում։ Մինչդեռ ՎՊ-ն ստուգում է որոշակի սեգմենտ (բնականաբար ամբողջը ստուգել հնարավոր չէ), էքստրապոլյացիա անում ամբողջ ծավալի վրա ու ստանում հսկայական թվեր, որոնք այս դահլիճում բավական ծանր տպավորություն թողեցին:
Բացի դրական դինամիկայից, ուզում եմ նշել, որ, օրինակ, իռիգացիայի համակարգում թերությունները կազմել են 4,79% , ճանապարհաշինության ոլորտում՝ ստուգված ծավալի 0,3%-ը, ինչը, որպես միջին ցուցանիշ, այնքան էլ վատ չէ: Ուզում եմ ասել՝ թացը չորից պետք է զատենք, գնահատականների մեջ առանձնացնենք քրեական, իրավական գնահատականի արժանի դեպքերը, մյուսներին փորձենք լուծում տալ համակարգային թերությունները վերացնելու ճանապարհով։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930