Այգեպատ, Այգեզարդ, Քաղցրաշեն, Նարեկ գյուղերի բնակիչները բողոքում էին, որ իրենցից փորձում են գրոշներով գնել իրենց աճեցրած ծիրանը։ Գյուղացիների խոսքով, օրեր առաջ գյուղնախարար Սերգո Կարապետյանը այցելել էր գյուղեր եւ խոստացել, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որ գյուղացու աճեցրած միրգը նորմալ գներով վաճառվի, ոչ թե ինչ-որ արտոնյալներ ստիպողաբար դրանք գնեն ջրի գնով։ Գյուղացիները պատմեցին, որ գյուղնախարարի նշված խոստումից հետո իրավիճակը, սակայն, ավելի է ծանրացել, քանի որ գյուղնախարարի այցից հետո գինն ավելի է իջել։
Գյուղացիները երեկ փակել էին ճանապարհը եւ սպառնացել, որ եթե հարցը կարճ ժամանակում չլուծվի, իրենք գալու են Երեւան եւ իրենց պահանջն ու բողոքը ներկայացնելու են կառավարությանը։ Ըստ գյուղացիների՝ առաջարկված գնով իրենք չեն կարող մարել նույնիսկ ոռոգման ջրի պարտքը, հետեւապես չեն կարող հոգալ նաեւ իրենց ընտանիքների տարրական կարիքները։ Այգեգարդ գյուղի գյուղապետ Արթուր Մանուկյանի խոսքով, գյուղացիների եւ մթերողների միջեւ մթերման գնի անհամաձայնությունը առաջին անգամ չէ, որ առաջացել է։ «Գյուղացիներն այսօր դաշտ դուրս չեն եկել, քանի որ մթերողները իջեցրել են ծիրանի գինը, համաձայնության չեն եկել իրար հետ, եւ հիմա գյուղացիները սպասում են «Սպայկային», տեսնեն, թե ինչ գնով կմթերի»,- ասաց գյուղապետը։ Նրա փոխանցմամբ՝ մեկ արկղ (10 կգ) ծիրանի դիմաց մթերողների կողմից առաջարկվող 4000 դրամի փոխարեն գյուղացիները պահանջում են 5000 դրամ, նաեւ նշում են, որ որոշ ժամանակ անց այդ գինը չփոխվի, չիջնի, ինչպես միշտ է լինում։
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում