Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռազմական ինստիտուտը հաղթեց թոշակառու Անզորին

Հունիս 19,2013 11:08

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ավարտեց 77-ամյա թոշակառու, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հյուսն Անզոր Իսախանովի (լուսանկարում) հայցի քննությունը եւ հրապարակեց դատական ակտը:

Անզոր Իսախանովը մեկ տարի առաջ դիմել էր այս դատարան`ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դեմ: Երրորդ անձ էր ճանաչվել նաեւ ֆինանսների նախարարությունը:

Անզոր Իսախանովը պահանջում էր վճարել ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում անաշխատունակության թերթիկներով իրեն չվճարած 190 000 ՀՀ դրամ գումարը, իր աշխատանքային գրքույկում կատարված գրառումն` «Ազատվել է դիմումի համաձայն» անվավեր ճանաչել, ինչպես նաեւ վճարել 5 հազար դրամը` իր իսկ կողմից կատարած նոտարական ձեւակերպումների համար:

Ի դեպ, այս հայցով դեռ անցյալ տարի մեկ անգամ նույն դատավորը` Գ.Մազմանյանը դատական ակտ էր կայացրել, եւ մերժել էր թոշակառուին: Սակայն, մեկ տարի իր վարույթում պահելով այս գործը, դատարանը դարձյալ մերժեց, վճռի եզրափակիչ մասում արձանագրելով. «Մերժել ` անհիմն լինելու պատճառով: Ազատման հրամանի գրառումն անվավեր ճանաչելու մասին կարճել` նույն անձանց միջեւ նույն առարկայի մասին միեւնույն հիմքերով առկա օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով»:

Չնայած այս ընթացքում Անզոր Իսախանովը դիմել էր աշխատանքի տեսչությանը, որն էլ գտել էր, թե գործատուն` ռազմական ինստիտուտը պարտավոր է ուղղում կատարել Ա.Իսախանովի աշխատանքային գրքույկում, կատարելով հետեւյալ գրառումը. «Լուծվել է աշխատանքային պայմանագիրը»:

Ինչ վերաբերում էր աշխատանքային գրքույկում կարգապահական կանոնների խախտման մասին գրառմանը, աշխատանքի տեսչությունը հանգել էր նրան, որ ռազմական ինստիտուտը պարտավոր էր նշել խախտումների բնույթն ու հետեւանքները, ինչպես նաեւ, պարտավոր էր պահանջել 07.07.2009թ-ից ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու մասին փաստաթուղթը, որի պայմաններում ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի, սահմանված է աշխատանքային պայմանագրի լուծման արգելքի մասին;

Դատական քննության ժամանակ հայցվորը տեղեկացրել էր,որ իր դիմումը ներկայացվել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարարան, որտեղից պատասխանել են, թե այն կքննվի առաջին իսկ հնարավորության դեպքում:

Ինչպես ՄԻԵԴ-ին, այնպես էլ այս դատարանին, Անզոր Իսախանովը տրամադրել էր Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի պոլիկլինիկայի, ինչպես նաեւ սրտաբանության ինստիտուտի կողմից տրված տեղեկանքները, որով հաստատվել է հայցվոր Անզոր Իսախանովի առողջական ծանր վիճակում գտնվելու հանգամանքը:

Նկատենք, որ ռազմական ինստիտուտի ղեկավարության հանձնարարությամբ պատասխանողի ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանը հետազոտել է նշյալ հիվանդանոցի պոլիկլինիկայում իրենց նախկին աշխատակցի անաշխատունակության թերթիկների տրման հիմքերը, դրա արժանահավատ լինելու մասին որեւէ կասկած չի ունեցել: Անգամ խախտում չի հայտնաբերվել:

Սակայն դրանով հանդերձ, պատասխանողը պնդել էր, որ անաշխատունակության թերթիկներով պահանջվող գումարը պետք է մերժվի, քանի որ հայցվորն անաշխատունակության թերթիկները ներկայացրել է բավական ուշացումով, տարիներ առաջ սկսված վեճը գտնվում էր դատարաններում, այն անգամ ՄԻԵԴ-ում է: Բացի այդ, ըստ ռազմական ինստիտուտի, հայցվորն աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվել իրենց հետ, իսկ օրենքն ասում է. «Ապահովագրական նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքի ժամանակաշրջանում»:

Aravot.am-ին Անզոր Իսախանովն ասաց, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում անպայման բողոքարկելու է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930