Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գազպրոմը» հասցնում է իր մասնաբաժինը 100 տոկոսի

Հունիս 19,2013 10:50

Հաշված օրեր հետո Հայաստանում կսկսեն գործել գազի նոր սակագները։ Ինչպես հայտնի է, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ դրանք կգործեն հուլիսի 7-ից։

Սակայն դեռ չի լուծվել գազի գնի 30 տոկոսի սուբսիդավորման ֆինանսական խնդիրը, որի փոխհատուցման պարտավորությունը ստանձնել էր կառավարությունը։ Վերջինս ամեն կերպ խուսափում է հստակեցնել այն աղբյուրները, որոնց հաշվին պետք է լուծվի սուբսիդավորման հարցը։ Իսկ դա լուրջ գումար է։ Խոսքը 140-150 մլն դոլարի մասին է։
Ի սկզբանե պարզ էր, որ դա չէր կարող լինել պետական բյուջեի հաշվին։ Ուստի միակ տարբերակը մնում է արտաքին աղբյուրներից ակնկալվող օժանդակությունը։
Թե որո՞նք են արտաքին աղբյուրները, առայժմ գաղտնի են պահվում։ Ճիշտ է, գազի սուբսիդավորման խնդրի շուրջ անորոշություններն ինչ-որ չափով կարծես պարզվեցին անցած օրը Հայաստանի էներգետիկայի նախարարի եւ «Գազպրոմի» նախագահի հանդիպումից հետո։
Ինչպես հայտնում են ռուսական աղբյուրները, հանդիպման ժամանակ Ա.Մովսիսյանը եւ Ա.Միլլերը քննարկել են գազի ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման եւ «ՀայՌուսգազարդում» «Գազպրոմի» մասնաբաժինը մինչեւ 100 տոկոս հասցնելու հնարավորությունը։ Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը մտադիր է իրեն պատկանող բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը եւս փոխանցել «Գազպրոմին»։
Հիշեցնենք, որ ժամանակին Հայաստանի մասնաբաժինն այս ընկերությունում 45 տոկոս էր։ Կառավարությունն աստիճանաբար այն հանձնեց ռուսական կողմին։ Այժմ քննարկվում է վերջին 20 տոկոսը եւս ընկերության խոշոր բաժնետիրոջը փոխանցելու հնարավորությունը։ Եթե դա տեղի ունենա, ապա «ՀայՌուսգազարդը» կդադարի լինել հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն։ Այն կդառնա զուտ ռուսական ընկերություն, որը միանձնյա կտնօրինի եւ կիրականացնի Հայաստանի գազամատակարարումը։
Չի բացառվում, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի 30 տոկոսի սուբսիդավորման խնդիրը լուծվի հենց այս գործարքի շնորհիվ, որի մասին կառավարությունը գոնե առայժմ չի ցանկանում խոսել։ Պատահական չէ, որ մինչեւ վերջերս հայտարարվում էր քննարկվող ինչ-որ սխեմաների մասին, որոնք պետք է հնարավորություն տային Հայաստանին արտոնյալ գնով կամ, այսպես ասած, գրանտային տարբերակով գազ մատակարարել։
Հայաստանի կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը գնելուց հետո, որպես բացարձակ ռուսական կապիտալով ընկերություն, «Գազպրոմը» «ՀայՌուսգազարդին» կարող է գազը մատակարարել ներքին սակագներով կամ, այլ կերպ ասած, չկիրառել 30 տոկոս արտահանման վճարը։ Այն, ինչը 270 դոլարից սահմանի վրա ռուսական գազի գինը դարձնում է 189 դոլար։
Սրանով, ըստ էության, լուծվում է գազի սուբսիդավորման խնդիրը։ Այդ գործարքով Հայաստանը կարող է հնարավորություն ստանալ ռուսական գազը ներկրել այն գնով, ինչ գնով դա տրամադրվում է, ասենք, Բելառուսին։ Ընդ որում՝ չանդամակցելով կամ առնվազն այս փուլում չանդամակցելով Մաքսային միությանը։
Մյուս կողմից՝ Հայաստանի գազամատակարարման ցանցն ամբողջությամբ ռուսական ընկերությանը հանձնելը նաեւ լուրջ ռիսկեր է պարունակում։ Այն կարող է դառնալ գործիք ցանկացած պահի Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Մանավանդ որ երկիրը չունի այլընտրանքային գազամատակարարման հնարավորություն։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930