Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մինսկի եռյակն ու դաշնակից երկյակը

Հունիս 19,2013 10:39

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները, ինչպես հայտարարվել էր, հունիսի 18-ին հայտարարություն են տարածել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հայտարարության մեջ որևէ նորություն, ըստ էության, չկա՝ ոչ լավ և ոչ էլ վատ: Եթե առաջնորդվենք այն մտայնությամբ, որ վատ նորությունների բացակայությունը ինքնին արդեն լավ նորություն է, ապա կարող ենք ասել, որ երեք նախագահների հայտարարությունը Հայաստանի համար լավ նորություն է: Մյուս կողմից, սակայն, նման եզրահանգման գալը դժվար է այն պատճառով, որ պարզ չէ, թե նախագահներն ինչ են մտածում իրականում:

Բանն այն է, որ հնչած հայտարարությունն ավելի շատ թողնում է պարզապես հենց հայտարարություն արած լինելու տպավորություն, այսինքն` հերթապահ հայտարարության տպավորություն: Մի կողմից` սա նշանակում է, որ նախագահներն, ըստ էության, որևէ ասելիք չունեն և ամեն ինչ կթողնեն ինչպես կա, մյուս կողմից էլ` իհարկե դժվար է ասել, թե յուրաքանչյուր նախագահի աշխատակազմում ինչ խմորումներ են առկա ղարաբաղյան խնդրի գաղափարաբանության իմաստով: Այսինքն` հայտարարությունը ցույց է տալիս, բացահայտում է, որ ոչ մի նոր բան չկա և ամեն ինչ նո՞ւյնն է մնալու, թե՞ հայտարարությունը ծածկում է այն, ինչ կա նախագահներից յուրաքանչյուրի մտքում, և որը, սակայն, նրանք փորձում են սրբորեն գաղտնի պահել և՛ հասարակություններից, և՛ մեկը մյուսից:

Բոլոր դեպքերում, այն, ինչ ասում են Օբաման, Օլանդը և Պուտինը, ըստ էության, հնչում է արդեն որերորդ տարին անընդմեջ, նույն բանը բազմաթիվ հայտարարություններով, ըստ էության, ասել են նաև Մինսկի խմբի միջնորդ համանախագահները, սակայն կարգավորման բացակայության վերաբերյալ ափսոսանքներից զատ, որևէ այլ բան այդ հայտարարություններին չի հաջորդել: Միևնույն ժամանակ, սակայն, հասարակությունները կարող են սովորել նման հայտարարություններին, բթացնել զգոնությունը և հանկարծ կանգնեն մի փաստի առաջ, երբ համանախագահ երկրներն իսկապես կոնկրետ քայլեր են գործադրում կողմերին որևէ բան պարտադրելու համար:

Այս բոլորը, իհարկե, տեսական դատողությունների փուլում են, և պրակտիկան առայժմ այն է, որ ստատուս քվոն ղարաբաղյան խնդրում պահպանվում է արդեն տարիներ շարունակ, չնայած այն ափսոսանքին, որ տարիներ շարունակ հայտնում են միջնորդ երկրները իշխանական և դիվանագիտական տարբեր մակարդակներով: Եվ այստեղ, երբ մենք ականատես ենք լինում հերթական հայտարարությանը, տեսական զարգացումների քննարկումից ավելի կարևոր է, թե ինչպես է առկա ժամանակը, ստատուս քվոյի պահպանությունն օգտագործում կողմերից յուրաքանչյուրը, և մասնավորապես Հայաստանը:

Ահա այս իմաստով իրավիճակը մեզ համար իսկապես մտահոգիչ է, որովհետև Հայաստանն առկա ժամանակն օգտագործում է միայն պետական միջոցները թալանելու և մսխելու՝ ի դեմս մի խումբ պաշտոնյաների և նրանց հարազատների, իսկ հասարակությանն էլ ընդամենը դատարկ և անհետևանք շոուներով կերակրելու վրա: Այս ընթացքում Ադրբեջանը համառորեն զինվում է, իսկ նրան զինողների թվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը՝ Հայաստանի դաշնակից հանդիսացող Ռուսաստանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930