Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պատասխան Իշխան Զաքարյանի. «Ի՞նչն է թանկ։ Մալուխի գի՞նը։ Հետո՞ ինչ»

Հունիս 19,2013 10:35

Վերահսկիչ պալատը «Դատաիրավական ԾԻԳ»-ի կողմից պետությանը հասցված վնասը 5 մլն դրամի չափ է գնահատում, սակայն ԾԻԳ տնօրեն Արթուր Թունյանը չի ընդունում դա եւ համարում է, որ ՎՊ նախագահը սուբյեկտիվ մոտեցում ունի իր անձի եւ իր ղեկավարած հիմնարկի նկատմամբ։ Հատված Արթուր Թունյանի հետ հարցազրույցից:

Նշվում է, որ շինարարության իրականացման ընթացքում կնքվել են նախահաշվային արժեքները գերազանցող պայմանագրեր, որ դատարաններ կառուցելիս մալուխներ են գնվել մեկ մետրը 1000 դրամով, այնինչ խանութում գինը 110 դրամ է։

– Շինարարության մրցույթն իրականացվում է ամբողջ շենքը կառուցելու, ոչ թե մալուխ կամ փայտ, կամ աթոռ գնելու համար։ Հայտը գնահատելիս մենք չենք գնահատում ամեն տողն առանձին։ Մենք ոչ թե կոճակի, ինչպես նախարարը նշեց, այլ կոստյումի գինն ենք հարցնում։ Իսկ Պալատը։ Ի՞նչ է արել Պալատը, վերցրել է 1500 միավոր արժեքներից մեկ դեպք, որը վերաբերում է համակարգչային մալուխին, որը գնանշել է շինարարը։ Ի դեպ, նա ազատ է գնանշել ցանկացած արժեք, եւ որեւէ մեկն իրավունք չունի փոփոխել այն։ Դա ՀԲ հստակ նախանշած կանոններից է։

Իսկ Դուք տողերով չե՞ք նայել։

– Նայել ենք եւ տեսել ենք, բայց մենք իրավունք չունենք փոխել այդ գինը, մենք նայում ենք ընդհանուրը։ Այդ նույն պայմանագրում կան շուկայականից շատ ավելի էժան գնանշված ապրանքներ, եւ ես այդ ապրանքների ցուցակն անձամբ եմ փոխանցել Իշխան Զաքարյանին։

Օրինակ, նշվում է, որ մետաղապլաստե պատուհանի մեկ քառակուսի մետրն արժե 85 հազար դրամ, փաստացի վճարվում է 53 հազար դրամ, որն իբր տնտեսում է ենթադրում, բայց շուկայում այդ պատուհանը 30 հազար դրամ արժե։ Սրան ի՞նչ կասեք։

– Շուկայում շատ բան կարող է էժան լինել։ ՎՊ-ն ասում է՝ պատուհանի գինը 85 հազար է գրել, բայց մենք պարզեցինք, որ կապալառուն 53-ով է գնել։ Նախ, կապալառուն նույն գնով մեզ չի տալիս, որով ինքն է գնել։ Չէ՞ որ նա շահույթ է հետապնդում։ Բայց չի կարելի ասել, որ եթե նա շուկայից գնել է նյութը 35 հազարով, մեզ էլ պետք է այդքանով վաճառեր։ Սա պոպուլիզմ է՝ բառիս բուն իմաստով։ Չի կարելի վերցնել 1500 տողից մեկ միավոր ու ասել՝ այ, տեսեք ինչ է կատարվում։ Ինչքանով ուզում է գնի, մեզ հետաքրքի՞ր է, թե ինքն ինչքանով է գնել։ Մեզ հետաքրքիր է, թե մենք ինչքանով ենք գնում։ Օրինակ բերեմ։ Կոնկրետ օբյեկտի նախահաշվային արժեքը եղել է մոտ 400 հազար, նախահաշվային արժեքի մոտ գնով՝ 399-ով, մրցույթը շահել է, եւ ավարտել ենք 385 մլն-ով՝ 156 մլն պակաս։ Ի՞նչն է թանկ։ Մալուխի գի՞նը։ Հետո՞ ինչ։ Ոնց որ դուք գնաք շուկա, գնեք ամենաէժան պոմիդորը, հետո Ձեզ ասեն՝ գիտեք, պոմիդորի սելիտրան կամ դիզվառելիքը թանկ են առել։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930