Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի գործով» դատարան էին ներկայացել «կանչովի մատուցողները»

Հունիս 18,2013 19:24

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Խաչատրյանի եւ Արման Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Ուղիղ մեկ տարի առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցների բռնությունների հետեւանքով ռազմական բժիշկ Վահե Ավետյանի կյանքն ընդհատվեց:

Դատարանը բավարարել էր տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի միջնորդությունը, եւ հրավիրվել էին լրացուցիչ վկաներ:

IMG_1154

Վկաներից չորսը «կանչովի» մատուցողներ էին, որոնք հրավիրվել էին դեպքի օրը առանձին սեղաններ սպասարկելու, իսկ երկուսը` ֆուտբոլի ակադեմիայի տնօրենն ու փոխտնօրենն էին:

IMG_1148

Տիգրան Եգորյանը մատուցողներին տալիս էր գրեթե նույն հարցերը.ո՞վ է կանչել այդ օրը սպասարկելու, հրավառություն եղե՞լ է ռեստորանային համալիրում, տարօրինակ բան տեսե՞լ են հարակից սեղանների հաճախորդների հետ կապված, անվտանգության աշխատակիցներին ճանաչո՞ւմ են, թե`ոչ, ումից են իմացել դեպքի մասին, երբ, Ռուբեն Հայրապետյանին տեսե՞լ են ռեստորանային համալիրում, թե ոչ:

«Կանչովի» մատուցողներն էլ պատասխանում էին նույն կերպ. հրավառություն չեն տեսել, սպասարկել են առանձին սեղաններ, Ռուբեն Հայրապետյանին չեն տեսել, բացի մատուցող Դավիթ Ադամյանից, որեւէ մեկին չեն ճանաչում, իրենց հրավիրել է «Պաշը»` Պավել Հարությունյանը:

Ի դեպ, մի վկայի հետ կապված`Բագրատ Հարությունյանի, տուժողների ներկայացուցիչը այլ վկայի հարցրեց նրա գտնվելու վայրը: Պարզվեց, վկան ոչ միայն անցյալ տարվա սեպտեմբերից Հայաստանում է, այլ` նաեւ դատարանում:

Այդ վկան` Բագրատ Հարությունյանը դեպքից մի քանի օր հետո մեկնել է Ռուսաստան, երեք ամիս հետո վերադարձել: Տուժողի ներկայացուցչին, որն ի դեպ, միայնակ էր, քանի որ Վահեի չորս ընկերները, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն ու մյուս ներկայացուցիչը` Լուսինե Հակոբյանը բացակայում էին այսօրվա նիստից, հետաքրքրեց մի հարց. ինչն է ստիպել, որ նա դեպքից մի քանի օր անց հեռանա: Աշխատանքը, պատասխանեց վկան:

Սակայն այս վկայի ցուցմունքն էլ էական ոչինչ չտվեց տուժողի իրավահաջորդին, քանի որ որոշ հարցադրումներ կրկնվում էին, հաճախ առարկվում ամբաստանյալների պաշտպանների կողմից:

Պետք է նկատել, որ նախագահողը եւ ոչ մի վկայի չհարցրեց, թե արդյոք նրանք ուզում են փաստաբանի ներկայությամբ հարցաքննվեն: Փաստաբանի դերը տվյալ դեպքում ստանձնել էր պաշտպանական կողմը:

IMG_1140

Դատարան ներկայացած ֆուտբոլի ակադեմիայի տնօրեն Արթուր Մանուկյանը, եւ տեղակալը`Հարություն Հարությունյանը որեւէ էական հանգամանք չասին դեպքի մասին: Նրանք հայտնեցին, որ գտնվել են ակադեմիայում, նայել են ֆուտբոլ, մինչ ուշ գիշեր, երեկոյան եկել է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, նա էլ իր սենյակում է նայել ֆուտբոլ:

IMG_1145

Բացառությունը թերեւս այն էր, որ տեղակալի եւ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի միջեւ վայրկյանների տեւողությամբ տասնմեկանց կեսի սահմաններում հեռախոսազանգ է եղել, ինչը Հարություն Հարությույնաը բացատրեց այսպես.հարցրել է ֆուտբոլը սկսվել է, թե ոչ: Սակայն դա արժանահավատ չընդունվեց տուժողի ներկայացուցչի կողմից:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930