Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան․ «Եթե Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ ընկալի եռանախագահ երկրների կողմից արված շեշտադրումները»

Հունիս 18,2013 18:17

Էնիսկիլենում համանախագահ երկրների ղեկավարների ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ այսօր արված համատեղ հայտարարությունն արդեն հինգերորդն է։ Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարների շարունակական ջանքերը ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Հայաստանը՝ համանախագահ երկրների հետ միասնական և վճռական է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով։

Ինչպես և Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, մենք ևս ափսոսում ենք, որ համաձայնության ձեռքբերման փոխարեն, Բաքվի միակողմանի առավելություն կորզելու փորձերի պատճառով հնարավորություն չընձեռնվեց առաջընթաց արձանագրել 2011թ. հունիսին Կազանի, 2011թ. մարտին Սոչիի, 2010թ. հոկտեմբերին Աստրախանի, 2010թ. հունիսին Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին։ Հայաստանը կիսում է եռանախագահների մոտեցումը, որ անթույլատրելի է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ շրջանակային պայմանավորվածության ձեռք բերման ձգձգումը։

Ինչպես և եռանախագահները, մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին չորս տարիների ընթացքում եռանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար և, որ այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը:

Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ` պատերազմի։ Ցավոք, մինչ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը հակառակն է անում։ Մենք լիովին համամիտ ենք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ղեկավարների հետ, որ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հակամարտության կարգավորմանը և որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել կայունության և խաղաղության հաստատմանը, ինչը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային համագործակցության և զարգացման համար։

Ի տարբերություն Ադրբեջանի, որն առիթ կամ անառիթ հղում է անում միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքին, Հայաստանը բազմիցս է արտահայտել և ի պատասխան Էնիսկիլենում նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Օլանդի կոչին, ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն առ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների  իրավահավասարության և ինքնորոշման, և տարածքային ամբողջականության։

Չնայած սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից զերծ մնալու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը և սադրանքներն Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, մարդասպանների հերոսացումն ու խաղաղության կոչ անողների հետապնդումները, այլատյացության, անհանդուրժողականության և թշնամանքի քարոզչությունը, ինչը հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի սրմանը և լարվածության աճին։

Էնիսկիլենում համանախագահ երկրների ղեկավարների ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունը կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացում առաջընթացի համար, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ ընկալի եռանախագահ երկրների կողմից արված շեշտադրումները:

 

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930