Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն օրենք են գրել

Հունիս 18,2013 17:24

Այսօր օրվա երկրորդ կեսին խորհրդարանն արտահերթ նիստում սկսեց քննարկել ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հեղինակած «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Այն խորհրդարանում ներկայացրեց համահեղինակ Սամվել Ֆարմանյանը: Նախագծի համահեղինակ է նաեւ մեկ այլ գեներալ-պատգամավոր`Սեյրան Սարոյանը:

«Օրենքի նախագիծը մեր, որպես պետության նվազագույն բարոյական պարտքն է կամավորական ազատամարտիկների հանդեպ», -ասաց Սամվել Ֆարմանյանը: Նրա խոսքով, օրինագծի անվանումը որևէ կապ չունի և չպետք է զուգորդվի Երկրապահ կամավորականների միության հետ, թեպետ օրինագծի հիմնական հեղինակներից են ԵԿՄ առանցքային դեմքերը` Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը. «Պարզապես պետք է արձանագրել, որ Երկրապահ կամավորական հասկացությունը լավագույնս է արտահայտում հայրենիքի պաշտպանությանը կամավորական հիմունքներով լծված հայորդիներին»:

Ըստ նրա, արցախյան հաղթական գոյամարտն ու ազատամարտիկ, կամավորական, երկրապահ հասկացությունները վաղուց մեկ ամբողջություն են կազմում. «Հենց հազարավոր կամավորական քաջորդիների անհատական հերոսությունն ու հավաքական սխրանքը սկիզբ դրեցին մեր պատմական հաջողությանը: Մեր օրերում իհարկե, արժեքներ են վերաիմաստավորվում: Շատ բան է իրար խառնվել: Ամեն օր ենք մենք ականատես լինում, երբեմն նաև այս դահլիճում, երբ ինքնակայացման ճանապարհ է ընտրվում մարդկային, ստեղծարար, մասնագիտական որակներով իրենցից մի քանի գլուխ բարձր կանգնած մարդկանց անվանարկումը, երբ իրավիճակային, թվացյալ քաղաքական շահը սրբում-տանում է բոլոր սահմանները: Այնպես որ չպետք է բացառել, որ նմանաոճ գայթակղությունը վաղը կարող է ավելի հեռուն, այս անգամ վտանգավոր տեղ գնալ, և օրենքի նախագիծն անհրաժեշտ է մեզ բոլորիս և ոչ թե կամավորական ազատամարտիկներին, ճիշտ ուղու վրա պահելու մեր արժեհամակարգը»:

Ֆարմանյանի ներկայացմամբ, օրինագծի առաջնային նպատակն է օրենքով սահմանել երկրապահ և երկրապահ կամավորական հասկացությունները, ինչպես նաև այն կարգը, որի համաձայն, համապատասխան մարդկանց պետք է տրվի երկրապահ կամավորականի կարգավիճակ:

Ի դեպ, բանախոսը քանիցս ընդգծեց, որ օրենքի նախագիծը չի վերաբերում երկրապահ կամավորականների սոցիալական երաշխիքներին. «Խնդիրն այն է, որ Արցախի գոյամարտին կամավոր կերպով միացած և հայրենիքի պաշտպանությանն անմնացորդ նվիրված մեր բազմաթիվ եղբայրներն ու քույրերը չունեն կարգավիճակ: ՀՀ գործող օրենսդրությամբ որևէ կերպ սահմանված կամ առանձնացված չեն երիտասարդ սերնդի համար կյանքի ուղենիշ դարձած այնպիսի կարևոր հասկացություններ, ինչպիսին են` երկրապահը, երկրապահ կամավորականը կամ ազատամարտիկը: Այս կատեգորիայի մարդիկ իրենց հայրենասիրությամբ, մտածելակերպով ու անձնազոհությամբ միշտ էլ բացառիկ դեր են ունեցել մեր նորագույն պատմության մեջ»:

Սամվել Ֆարմանյանը նկատում է, որ սույն նախագծով  պետությունն առաջին անգամ ճանաչում է կամավորականությունը որպես երևույթ, սահմանում այդ հասկացությունը և հատուկ կարգավիճակ տալիս մեր կամավորականներին: Պետության կողմից այս ամրագրումները Ֆարմանյանը «բարոյական պարտավորություն» է համարում  այն «հերոս տղաների նկատմամբ, որոնց շնորհիվ Արցախն այժմ ազատ է»:

Ի դեպ, հատկանշական է, որ մինչ այս ժամը դեռ խորհրդարանում են բոլոր օլիգարխ պատգամավորները`Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանը եւ այլոք: Նրանք սովորաբար «աշխատանքի» են գալիս առավոտյան եւ գրանցվելուց հետո լքում են խորհրդարանի շենքը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930