Այսօր «Արմավիա» ավիաընկերության օդաչուներն ու ինժեներատեխնիկական անձնակազմը կրկին հավաքվել էին ընկերության գլխավոր գրասենյակի մոտ, ինչպես նախկին աշխատակիցներն ասացին` տնօրինությունը խոստացել էր այսօր աշխատավարձերի վճարում կատարել, բայց էլի խաբեցին: Հիշեցնենք, որ «Արմավիան» նախորդ տարվա նոյեմբեր ամսից աշխատակիցների աշխատավարձերը չի վճարել:
Aravot.am-ի հետ զրույցում «Արմավիայի» նախկին աշխատակիցները պատմեցին, որ տնօրինությունը, մասնավորապես գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը, վստահեցրել էր, որ պահեստամասեր կան, որոնք վաճառքի են հանված, դրանցից հավաքված գումարով աշխատավարձերի պարտքերի որոշ մասը կվճարեն, բայց այսօր պարզվեց, որ նորից գումար չկա. «Բելլույանն անցած անգամ ասել էր՝ երեքշաբթի եկեք ստացեք, 99.%-ով խոսք տվեց, որ փող կլինի, եկանք էսօր, էլի փող չկա»:
Մեր հարցին, որ պարոն Բելլույանը Aravot.am-ին էլ վստահեցրել էր, որ ամեն օր քիչ-քիչ վճարումներ կատարում են, հավաքվածներից որեւէ մեկը աշխատավարձ ստացե՞լ է: «Երեւի ինչ գումար էլ լինում է, վարչական մասն է իր աշխատավարձը ստանում, մենք` տեխնիկներն ու օդաչուները, ոչ մի կոպեկ չենք ստացել»:
Մեր այցելության պահին «Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը տեղում չէր, սակայն ավելի ուշ ընկերության նախկին աշխատակիցները մեզ փոխանցեցին, որ հանդիպել են պարոն Բելլույանի հետ, որը նորից վստահեցրել է`«Սպասում եմ, որ էդ պահեստամասերի փողը նստի մեր հաշվին, հենց նստի աշխատավարձերը կվճարենք»: Նախկին աշխատակիցների խոսքերով` «Ոչ ոք «չէ» չի ասում, ամեն անգամ ասում են` կտանք, է հա, բայց ե՞րբ, բա մենք ո՞նց ապրենք»:
Կարդացեք նաև
Բացի այն, որ «Արմավիայի» աշխատակիցները ամիսներով աշխատավարձեր չեն ստացել, նաեւ Գառնիկ Պարոնյանն ասաց, որ մոտ մեկ ամիս առաջ դիմել են կառավարություն, քաղավիացիա, նախագահի աշխատակազմ, եւ տեղեկացրել, որ «Արմավիան» ապօրինաբար կրճատել է աշխատավարձերի ծավալը. Այսինքն՝ չի հաշվարկել գիշերային հերթափոխի եւ որպես վնասակար աշխատանքի հասանելիք հավելավճարներն ու վերջնահաշվարկը: Բոլոր պետական կառույցներն էլ աշխատակիցներին հորդորել են դիմել աշխատանքի պետական տեսչություն:Վաղն այս առնչությամբ տեսչությունում նիստ է լինելու:
Գառնիկ Պարոնյանի ներկայացմամբ. «7 տարվա աշխատողներին «Արմավիան» պարտավոր է վճարել 150%`գիշերային, եւ 50% վնասակար աշխատանքի համար, բայց բոլորինը կտրել է: Վերջին հաշվով` 100-140 հազար դրամ ամեն մեկից կտրել է: Մենք պահանջում ենք վերահաշվարկ անեն ու օրենքով սահմանված ձեւով բոլորիս վճարումները կատարեն»:
Օդաչուները նաեւ կասկածի տակ առան այն հանգամանքը, որ «Արմավիան» նախորդ շաբաթ վստահեցրել էր, թե «Ավիասերվիսն» իրենց գումար էր պարտք, որն արդեն փոխանցել է ու իբր թե այդ գումարներից էլ պետք է աշխատավարձեր փոխանցվեին: Օդաչուներից մեկի խոսքերով` «Եթե նման բան կա, ուրեմն պետք է մեզ արդեն գումար տված լինեին, բայ չեն տվել:Իսկ «Ավիասերվիսը» հնարավոր չէ, որ պարտք լիներ, քանի որ ինքը սնունդ է մատակարարել «Արմավիային», որից հետո հենց «Արմավիան» պետք է իրենց գումար վճարեր: Միայն մի դեպքում կարող էր «Արմավիային» «Ավիասերվիսը» պարտք լիներ, եթե ասենք՝ մի տարվա մատակարարվող սննդի գումարը ավիաընկերությունը նախապես վճարած լիներ, ինչը բացառվում է»:
Հիշեցնենք, որ «Ավիասերվիսը» պատկանում է «Մուլտի գրուպին», որն էլ հայտարարել էր, որ «Արմավիային» պարտք չէ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ