Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Freedom House. «Հայաստանը բարելավել է իր ժողովրդավարության վարկանիշը»

Հունիս 18,2013 17:03

«Ազատություն» ռադիոկայան. Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրները» տարեկան զեկույցը, որը նկարագրում է, թե ժողովրդավարության առումով ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի` անցումային փուլում գտնվող 29 երկրներում:

Զեկույցը արձանագրում է ժողովրդավարության վիճակի տագնապալի վատթարացում ողջ Եվրասիայում` մանրամասնելով, որ 2012 թվականի ընթացքում բռնատիրական ռեժիմները Եվրասիայում ակտիվորեն պայքարել են ժողովրդավարական փոփոխությունների դեմ:

Ընդհանուր այս բացասական միտումների մեջ, սակայն, Հայաստանը առանձնանում է դրական տեղաշարժով եւ այն վեց երկրներից մեկն է, որ բարելավել է իր ժողովրդավարության վարկանիշը:

Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանը այս տարի առաջընթաց է արձանագրել շնորհիվ նախընտրական շրջանում լրատվական դաշտում իրավիճակի բարելավման եւ զրպարտության մեղադրանքով հարուցված գործերի զգալի կրճատման: Զեկույցի համաձայն` Հայաստանը լրատվամիջոցների անկախության առումով առաջընթաց արձանագրած միակ երկիրն է:

Հայաստանի առաջընթացը զեկույցում կապվում է նաեւ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ: «Այն ժամանակ, երբ Ադրբեջանը ագրեսիվ կերպով ճնշում էր քաղաքական ընդդիմությանը, Հայաստանն ու Վրաստանը խորհրդարանական ընտրություններ անցկացրեցին նոր ընտրական օրենսդրությանը համապատասխան, որը հատկապես կարեւորում է թեկնածուների հավասար հնարավորությունները` նախընտրական ռեսուրսների հասանելիության եւ լրատվամիջոցներով լուսաբանման առումով», – նշում է Freedom House-ը:

Freedom House-ը փաստում է նաեւ, որ վարչական ռեսուրսների չարաշահումը եւ ընտրությունների օրը տեղ գտնող խախտումները այս ընտրություններում էլ որոշ չափով պահպանվել են, սակայն ընդհանուր առմամբ այլընտրանքի հնարավորությունը մեծացել է, երկու երկրներում էլ ավելի ներկայացուցչական օրենդիր մարմիններ են ձեւավորվել: Հայաստանում առաջին անգամ ընդդիմադիր Հայ ազգայի կոնգրեսը տեղեր է ստացել Ազգային ժողովում եւ սկսել է մասնակցել խորհրդարանի աշխատանքներին:

Զեկույցի հեղինակները, սակայն, նկատում են, որ տարեվերջին երկու հիմնական ընդդիմադիրների անբացատրելի որոշումը` 2013 թվականի նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելու վերաբերյալ, փշրել է իսկապես մրցակցային պայքար ունենալու հույսերը:

Freedom House-ը ընտրություններում առաջընթաց է նկատել նաեւ Վրաստանում, նշելով, որ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած ընդդիմադիր դաշինքի անսպասելի հաղթանակը, առաջին անգամ Վրաստանում հանգեցրեց ընտրությունների միջոցով խաղաղ իշխանափոխության:

Հակառակը` Ուկրաինայում եւ Ռուսաստանում ընտրությունների ընթացքը այդ երկու երկրների վարկանիշների անկման պատճառ է հանդիսացել:

Տաթեւիկ Լազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930