Հուլիսի 3-ից 7-ը Պոզնանում (Լեհաստան) անցկացվելու է ջրացատկի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Հայաստանը ներկայացված է լինելու երեք հոգով` Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան երկվորյակ եղբայրներ եւ Լեւ Սարգսյան: Երեքն էլ մասնակցելու են մեր համար ավանդաբար ուժեղ` աշտարակացատկին: Դրանից բացի, Վլադիմիրը եւ Լեւը հանդես կգան նաեւ 3 մետր ոստնակ, իսկ Ազատը` 1 մետր ոստնակ մրցաձեւերում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն Aravot.am- ի հետ զրույցում ասաց, որ տղաների առջեւ անպայման մեդալների համար պայքարելու առաջադրանք չի դրված, սակայն նրանք միանգամայն ի վիճակի են մտնել եզրափակիչ փուլ եւ, ինչո՞ւ չէ, մարզական հաջողության դեպքում, նաեւ տեղ զբաղեցնել պատվո պատվանդանին: «Այս տղաները ապրիլին բավականին հաջող մասնակցել են Դրեզդենում կայացած միջազգային խոշոր մրցաշարերին, որտեղ պայքարում էին ոչ միայն Եվրոպայի, այլեւ այլ աշխարհամասերի այդ տարիքային խմբի լավագույն ջրացատկորդները: Եվ դա այն դեպքում, որ Հայաստանում ջրացատկով մարզվելու պայմանները, մեղմ ասած, անմխիթար են: Երեքն էլ աշտարակացատկում մտան եզրափակիչ փուլ: Վլադիմիրը «B» խմբում (դա նույն կրտսեր պատանիների տարիքային խումբն է: Ա.Հ.) նվաճեց արծաթե մեդալ` զիջելով միայն Եվրոպայի չեմպիոնին, Ազատը եզրափակեց լավագույն տասնյակը, իսկ Լեւը «A» խմբում (ավագ տարիքային խումբ: Ա. Հ.) տեղ զբաղեցրեց 11-րդ հորիզոնականում: Այնպես որ, Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղ ակնկալելը անհնարին չէ», – ասաց Վ. Չանդիրյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև