Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դա վերացական արտահայտություն էր». Փաստաբանի մեկնաբանությունը՝ Ջհանգիրյանի ասածների վերաբերյալ

Հունիս 18,2013 16:57

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննության ժամանակ, հայցվորները կրկին պնդեցին, որ Գ. Ջհանգիրյանը վիրավորել, զրպարտել եւ արատավորել է իրենց բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը:

Հայցվոր Արայիկ Զալյանը դատարանին ներկայացրեց Գ. Ջհանգիրյանի հարցազրույցի այն հատվածը, որով ըստ իրենց, հենց վիրավորանք ու զրպարտություն է հնչել. «Պատասխանողը իր կատարած հայտարարություններով հայցվորներիս հասցեին այսպես է արտահայտվել՝ նրանք մարդասպաններ են եւ պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը: Նա նաեւ ասել է, թե ոչ թե ինքը պետք է վատ զգա, այլ վատ զգան նրանք, որոնք մարդասպան են եւ ազատության մեջ են: Այս արտահայտություններով նա նպատակ է ունեցել արատավորելու հայցվորներիս պատիվն ու արժանապատվությունը »:

Մյուս երկու հայցվորներն էլ ոչինչ չհավելեցին, միայն պնդեցին, որ միանում են Զալյանի ասածներին՝ պահանջելով դատարանից Գ. Ջհանգիրյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել իրենցից՝ վիրավորելու համար եւ 300.000 դրամ բռնագանձել:

Դատավորի հարցին, թե նշված արտահայտություններում որտե՞ղ է Ջհանգիրյանը վիրավորել, որտեղ զրպարտել, Ա. Զալյանն ասաց. «Նույն արտահայտությունը իր մեջ եւ վիրավորանք եւ զրպարտություն է պարունակում: Միաժամանակ եւ վիրավորել եւ զրպարտել է հայցվորներիս»:

Ջհանգիրյանի իրավապաշտպան Վահե Հովսեփյանն էլ հայցվորներին հարցրեց՝ Ջհանգիրյանի նշված հայտարարության մեջ ձեր անունները վկայակոչվա՞ծ են : Հայցվորները համաձայնեցին՝ նշված հայտարարության մեջ իրենց անունները վկայակոչված չեն:

«Անուն ազգանուն չնշելով չի նշանակում, որ նման արտահայտությունները չեն վերաբերել մեզ»;

Վ. Հովսեփյանը նաեւ պնդեց, հայցվորների անունները Ջհանգիրյանը չի նշել, եւ այդ արտահայտությունը չի արատավորում նրանց պատիվն ու արժանապատվությունը. «Իմ վստահորդը ոչ մի տեղ չի նշել հայցվորների անունները: Կատարված հայտարարությունը հանցագործության մասին է: Դա վերացական արտահայտություն էր: Մարդասպանություն է տեղի ունեցել, մարդասպանների մասին ասել է, պետք է նստեն: Դա դեռ չի նշանակում, որ ուղղված է եղել հայցվորներին: Նրա կարծիքը չունի կոնկրետ հասցեատեր: Նա իր սեփական կարծիքն է հայտնել եւ ունի իրավունք սեփական կարծիք հայտնելու»: Նա նաեւ խնդրեց դատարանին հայցն ամբողջությամբ մերժել:

Դատարանը որոշեց նիստը հետաձգել եւ հուլիսի երկուսին հրապարակել գործով ապացույցները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930