Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյան. «Մենք այսուհետ ավելի շատ գործեր ենք ուղարկելու դատախազություն, թող որևէ մեկը չկասկածի»

Հունիս 18,2013 16:40

Խորհրդարանի արտահերթ նիստում Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկման ավարտին իր եզրափակիչ ելույթում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն անդրադարձավ պատգամավորների գրեթե բոլոր դիտարկումներին, որոնք առնչվում էին ՎՊ զեկույցին։ Զաքարյանի խոսքով՝ ՎՊ-ն շատ հստակ ասում է՝ վերահսկողությամբ դեռևս բացահայտվում են հակամրցակցային, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային գնման գործընթացներ։ Բայց սա, ըստ նրա, չի նշանակում, որ այդ երևույթները համատարած են։ ՎՊ նախագահը վստահեցրեց, որ նախարարներից շատերը շահագրգռված են այդ թերությունները վերացնելու ուղղությամբ։

«Ի՞նչ է ասել կառավարությունը, որի հետ ՎՊ-ն համաձայն չէ։ Մենք ասում ենք՝ գնումների համակարգում կան լուրջ խնդիրներ։ Ուրբաթ օրն աշխատանքային հանդիպում եմ ունեցել վարչապետի հետ՝ գնման գործընթացի խնդիրների հետ կապված։ Ես այսօր դեռևս չեմ կարող պնդել, որ ամեն ինչ շտկված է, ամեն ինչ լավ է, բայց չեմ էլ կարող ասել, որ ամեն ինչ շատ վատ է»,- ասաց Իշխան Զաքարյանը։ Նա հայտարարեց, որ իրենք կողմ են օրենսդրական փոփոխություններին, եթե այն գործին օգուտ կբերի։ ՎՊ նախագահը որևէ խնդիր չի տեսնում, եթե իսկապես ՎՊ գործառույթներն ուժեղացվեն և ընդլայնվեն։

Բանախոսը նաեւ հայտարարեց, որ ՎՊ-կառավարություն փոխհարաբերությունները գործընկերային են, և ՎՊ-ն մշտապես իր առաջարկները ներկայացնում է կառավարությանը. «Խնդիրներ դեռևս կան, իհարկե, գուցե մեր առաջարկությունները շատ լավը չեն, բայց մենք երբեք չենք փորձել սևը սպիտակ դարձնել կամ լավը չտեսնել»:

Նա հիշեցրեց, որ նախագահի հանձնարարականով վերահսկողության ուղղությունները երեքն են՝ շինարարության, սոցիալական ոլորտը եւ պետական գնումների գործընթացը: Զաքարյանն արձանագրեց, որ սոցիալական ոլորտում խնդիրները կարգավորվել են, կամքը կա իրավիճակը շտկելու նաև մյուս երկու ոլորտներում. «ՎՊ-ն, սակայն, միայնակ չի կարող դա անել, ԱԺ-ն պիտի օգնի, և ես պատրաստակամ եմ, որ միասին լուծենք այդ խնդիրները»:

Իշխան Զաքարյանը պաշտոնապես հայտարարեց, որ դատախազության վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել, ինչպես երեկ պնդում էր Գագիկ Ջհանգիրյանը։ Ասաց, որ ՎՊ-ն այս տարիներին դատախազություն ուղարկել է երեսուն գործ, որոնց առթիվ հարուցվել են քրեական գործեր. «Ինչո՞ւ ՎՊ-ն ավելի շատ գործեր չի ուղարկում դատախազություն։ Այո, ընդունում եմ, բայց Վերահսկիչ պալատը կշտկի իր սխալը։ ՎՊ խորհուրդն է որոշում՝ գործն ուղարկել դատախազություն, թե ոչ։ Մենք այսուհետ ավելի շատ գործեր ենք ուղարկելու դատախազություն, թող որևէ մեկը չկասկածի։ Այո, ժամանակն է արդեն ավելի խիստ մոտեցումներ ցուցաբերել այն կառույցների, անհատների նկատմամբ, ովքեր սխալ պատկերացում ունեն պետբյուջեի ծախսերի վերաբերյալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930