Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «Եթե մինչեւ 2015 թ. աշունը հեղափոխություն չլինի վերեւից, ապա կլինի ներքեւից»

Հունիս 18,2013 16:36

«1994 թվականից Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանում հաստատվել է հավատարմության սկզբունք: Կապ չունի՝ մարզպետ է, նախարար է, փոխնախարար է, պատգամավոր է, ինչ է, կարեւոր է, որ իշխանության նկատմամբ շատ լոյալ է, ավելին՝ գովերգում է, ինչ ասում են, խելոք անում է, այդ դեպքում, նրան ամեն ինչ կարելի է: Եվ էդ երեւույթը ավելի խորացել է մինչեւ վերջին երեք ընտրությունները, որոնք բացառապես էդ ֆորմուլայի տակ են եղել: Կապ չունի Սյունիքում մարզպետն ինչ է անում, Գեղարքունիքում ինչ է անում, Կոտայքում ինչ է անում, կարեւորը որ էդ մարզպետը վերջում կարողանում է գալ եւ ասել՝ ես այսքան ձայն բերեցի: Սա չէր կարող մեր երկրին որեւէ լավ բան խոստանալ» ,-այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանի հետ բանավեճի ժամանակ:

Այդուհանդերձ, պարոն Իսագուլյանը կարծում է եւ «ուզում է հավատալ», որ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթներում անկեղծ է, երբ ասում է, որ կտրուկ փոփոխություններ են լինելու.«Հայաստանում ոչ միայն մթնոլորտ, այլ կոնկրետ իրավիճակ է պետք փոխել»: Նա կարծում է, որ Վերահսկիչ պալատի հայտնաբերածը Հայաստանում կատարվողի ընդամենը 1%-ն է: «Ես կարծում եմ, որ սա գործընթացների սկիզբն է, եւ եթե մինչեւ 2017 թվականը, չէ, 17-ը շատ եմ ասում, մինչեւ 15 թվականի աշունը չլինի հեղափոխություն վերեւից, դա կլինի ներքեւից: Պետք է արվեն շատ լուրջ, կտրուկ գործողություններ»:

Իր հերթին Արշակ Սադոյանը, անդրադառնալով Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումներին հետեւած իշխանական արձագանքներին, կասկած հայտնեց դրանց լրջության մասին. «Արձագանքի տեսակետից առնվազն զարմանալի է, որ Վերահսկիչ պալատն իբր անկախ է, եւ իբր ինչ-որ կոնֆլիկտ ունի իշխանության հետ: Որքան ես գիտեմ՝ շատ էլ սերտ են, այնպես որ՝ թալան-մալան, որ ասում են, կարծում եմ, ավելի շուտ պատահական երեւույթ է, չեմ կարծում, որ Վերահսկիչ պալատ-գործադիր իշխանությսւն հարաբերությունները լարված են»:

Գառնիկ Իսագուլյանը, խոսելով երկրում ստեղծված հեղափոխական լուծումներ պահանջող մթնոլորտից, անդրադարձավ նաեւ արտագաղթին. «Երբ խոսում ես արտագաղթից, ասում են՝ ամբողջ աշխարհում արտագաղթ կա: Իսրայելը նայեք՝ 1946 թ.-ից ներգաղթ է մինչեւ հիմա: Այդ երկիրը ոչինչ չուներ այդ ժամանակ, միայն արաբներ եւ պատերազմ: Ներգաղթողներն էլ գնում էին սահմանում էին բնակվում: Ինչո՞ւ էր այդպես, որովհետեւ պետության հանդեպ վստահություն կար, որովհետեւ, եթե պետական պաշտոնյան մեկ դոլար հաշիվ ունենար դրսում՝ հերը կանիծեին: Իսկ մեզ մոտ պետական պաշտոնյաների հաշիվները հիմնականում դրսում են, պատգամավորները, պաշտոնյաները իրենց կանանց տանում են ԱՄՆ-ում ծննդաբերելու տղաներին, որ Հայաստանի Հանրապետությունում բանակ չգնա: Մեր պրոբլեմը էդ չինովնիկներն են: Ուզո՞ւմ եք կոռուպցիան վերանա, ընդունեք էդ օրենքը, որ պետական պաշտոնյան չպետք է դրսում հաշիվներ ունենա, չպետք է բիզնես ունենա: Մեզ մոտ պաշտոնը բիզնես է: Պատերազմի ժամանակ ներգաղթ ունեինք, ղարաբաղյան ներգաղթ ունեինք, ցուրտ ու մութ տարիներին ներգաղթ ենք ունեցել…»: Իսագուլյանի այս խոսքերը մնացին բերանում, որովհետեւ Սադոյանը վրդովվեց՝ էս ի՞նչ ես ասում, ինչ ներգաղթ, Մոսկվա գնացածների 97%-ը էն ժամանակ գնացին: «Այո, բայց դրսից դաշնակցական ընկերներ կային, որ գալիս էին, իսկ հիմա նրանք էլ են արտագաղթում»,- նկատեց Իսագուլյանը, ինչի հետ Սադոյանը կրկին չհամաձայնվեց:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930